ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ 1/8-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կվերսկսվի եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարը` չեմպիոնների լիգան:  Առաջին օրվա երկու հանդիպումներում միմյանց հետ կմրցեն իտալական «Միլանը» եւ անգլիական «Տոտենհեմ-Հոտսպուրը», իսպանական «Վալենսիան» կմրցի գերմանական «Շալկե 04»  ակումբի հետ: Հաջորդ օրը  իտալական «Ռոման»  սեփական հարկի տակ կընդունի վերջին տարիներին ուկրաինական  ֆուտբոլի  առաջատար, մեր հայրենակից  Հենրիկ Մխիթարյանի Դոնեցկի «Շախտյորին», իսկ տուրի գլխավոր հանդիպումը կկայանա Լոնդոնում, որտեղ «Արսենալը» կհյուրընկալի իսպանական «Բարսելոնին»: «Միլանը» Իտալիայի առաջնության առաջատարն է եւ շաբաթ  օրը ուղղակի ջախջախեց «Պարմային»`  4:0 հաշվով:  Հարձակման գիծը լավագույններից է աշխարհում. Պատո, Իբրահիմովիչ, Ռոբինյո, այժմ նաեւ՝ Անտոնիո Կասանո, որը սակայն  իրավունք չունի  մասնակցելու առաջիկա խաղին, քանի որ «Սամդորայի» կազմում այս մրցաշրջանին մասնակցել է եվրոգավաթների  խաղարկությանը: Նույն պատճառով առաջիկա խաղին «Միլանի»  կազմում հանդես չեն գա մյուս երկու նորեկները` Մարկ Վան Բոմելը եւ Ուրբի Էմանուելսոնը:Չեմպիոնների լիգայի վերսկսմանը հաղթանակով մոտեցավ նաեւ «Տոտենհեմը»: Անգլիական  պրեմիեր-լիգայի վերջին տուրում լոնդոնցիները հաղթեցին «սեւ կատուներին», ինչպես  Անգլիայում  անվանում են «Սանդերլենդին»:  Այս հաղթանակի շնորհիվ  «Տոտենհեմը» մրցաշարային աղյուսակում անցավ  «Չելսիին» եւ այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Այս թիմի կազմում է հանդես գալիս  մրցաշրջանի բացահայտումներից մեկը` Գարետ Բեյլը, որը խմբային  մրացաշարում «հիմար վիճակի մեջ դրեց»  աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկին` Դուգլաս  Մայկոնին: Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են,  եւ շատ բան կորոշի մարզական բախտը:«Մեստալիա» ստադիոնում  «Վալենսիան» ուժերը կչափի, չէինք ասի խորը, սակայն ճգնաժամի մեջ գտնվող Գելզենկիրհենի «Շալկեի» հետ: Վերջին  տուրում «Վալենսիան» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկոյին»` 2:1 հաշվով:  Երկու գնդակ խփեց Իսպանիայի հավաքականի երբեմնի առաջատարներից` Հոակինը: Իսկ «Շալկեն» Դորդմունդի «Բորուսիայի» հետ մրցավեճում բավարարվեց  ոչ-ոքիով: Մասնագետները այս զույգի հաղթող   տեսնում են «Վալենսիային»:  «Ռոման»  բավական վատ տրամադրությամբ է վերսկսում իր մրցելույթները չեմպիոնների լիգայի գավաթում: Վերջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Նապոլիից»: Սա առաջին պարտությունն էր սեփական հարկի տակ: Արդյունքում թիմը գլորվեց աղյուսակի 8-րդ հորիզնականը եւ գրեթե զրկվեց չեմպիոնի տիտղոսի հետագա պայքարին մասնակցելուց: Դոնեցկի «Շախտյորի» հիմնական խնդիրն այն է, որ շուրջ երկու ամիս թիմը զրկված է եղել պաշտոնական խաղերից: Եթե «հանքափորներին» հաջողվի գոլ խփել Հռոմում, ապա «Ռոմային» շատ դժվար կլինի անցնել հաջորդ փուլ, քանզի հայտնի է, որ «Շախտյորը» շատ լավ է հանդես գալիս  սեփական հարկի տակ, իսկ թիմի միակ կորուստը  պաշտպան Ալեքսանդր Կուչերն է: Եւ վերջապես՝ հանդիպում, որը կզարդարեր անգամ աշխարհի առաջնությունը: Երկու թիմ, որոնք սիրում են ու գիտեն ցուցադրել հարձակվողական ֆուտբոլ:  «Արսենալի» գլխավոր մարզիչ  Արսեն Վենգերը  իրավացիորեն նշել է, թե այն թիմը, որը կկարողանա հաղթել «Բարսելոնին», մեխանիկորեն կդառնա գավաթի խաղարկության առաջատարը:  Ի տարբերություն «Արսենալի», որը իր վերջին խաղը հաղթեց  2:0 հաշվով, «Բարսելոնը» կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղում` ավարտելով 16 խաղ անընդմեջ հաղթանակ տանելու «սովորությունը»: Այս խաղը նաեւ ռեւանշ է «Արսենալի» համար՝ երեք տարի առաջ եզրափակիչում կրած պարտության համար: Մի խոսքով, ֆուտբոլասերներին բավականին հետաքրքիր խաղեր են սպասվում. զինվենք համբերությամբ:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս