ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության եւ ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի` այսօր արդեն 100-ամյա ցավի եւ ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից եւ նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝ առանց ժամկետային եւ աշխարհագրական սահմանափակման:
Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդատյացությունը ձեռք բարձրացրեց մարդասիրության, մթագնած գիտակցությունը՝ բանականության, ազգայնամոլությունը՝ հանդուրժողականության վրա:
Եվ ծնվեց դարի մեծագույն եւ առաջին հանցագործությունն ընդդեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը: Այն իրականացվեց որպես պետական քաղաքականություն, որպես բնիկ ժողովրդին բռնությամբ հայրենիքից եւ ինչքից զրկելու, նրա գենոֆոնդի ներկան ու ապագան ոչնչացնելու մանրամասն մտահղացված ծրագիր:
Մի ողջ ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին հայ լինելու պատճառով, բայց արմատազրկել այդ ժողովրդին չհաջողվեց հայ լինելու շնորհիվ:
Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում եւ ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների եւ պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք եւ կորով՝ մղելով վերապրելու, արարման, վերածննդի:
Հայոց ցեղասպանությունն այն հանցանքն է, որի պատիժն արձանագրված է գրված ու չգրված օրենսգրքերում, որի պատիժն անխուսափելի է՝ անկախ ժամանակացույցի պտույտներից, որի համար պատժելը ժողովրդավար հասարակարգերի, իրավական պետությունների, պարզապես բարոյական հասարակությունների եւ արդարամիտ առաջնորդների պարտքն է ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ցեղասպանությունների չվերացած վտանգի առջեւ կանգնած ողջ մարդկության հանդեպ՝ պատմականորեն եւ իրավական նորմերով արձանագրված պարտք, հոգու եւ սրտի պարտք: Եւ որքան հետաձգվի այդ պարտքի ժամկետը, այնքան ավելի մեծ կլինի հնարավոր ցեղասպանությունների հավանականությունը:
Սիրելի հայրենակիցներ, 100 տարի ցեղասպանության վերքի ցավը մեր հոգու եւ մեր ապրումների մեջ է, ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հիշողությունների ու պատմությունների մեջ, ցեղասպանությունը դատապարտած պետությունների, կառույցերի եւ գործիչների գործելակերպի մեջ:
Սակայն մեր 100-ամյա ցավի խորհրդանիշը ոչ միայն անմոռուկն է, այլեւ անմեռուկը, եւ այս երկուսի համադրությունը մեր ժողովրդի հաստատուն լավատեսության գրավականն է: Հետեւաբար, 100-ամյակը ողբերգության տարելիցն է, բայց ոչ ողբասացության, որովհետեւ 100 տարվա ընթացքում բազմիցս ենք ապացուցել, որ ողբերգությունից կարողանում ենք հասնել հաղթանակների, մինչդեռ ողբասացությունը կործանարար է ներկայի եւ պարարտ հող՝ անհեռանկար ապագայի համար:
Ուստի պարտավոր ենք շարունակել ապրել ու ստեղծել, հզորանալ նաեւ 100-ամյակի սահմանից անդին՝ վերստին փաստելու վերածնվելու մեր գենետիկ կարողությունը, որը մեզ ուժ է տվել եւ 100 տարի առաջ, եւ 100 տարվա ընթացքում, եւ ուժ կտա հարյուրավոր ու միլիոնավոր տարիներ: Պարտավոր ենք ի հեճուկս ողբերգությունների եւ ողբերգակների, ոճիրների եւ ոճրագործների, ի հեճուկս 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը 21-րդ դարի ժխտողականությամբ շարունակելու փորձերի, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի հայոց պետականության, հայկական սփյուռքի եւ հանուն այն միասնական հայկականության, որն ի զորու է պարտքը դարձնել պահանջ, հիշատակը՝ արդարության գործիք եւ դրանց միջոցով տեսլական հայրենիքը՝ առարկայական գոյություն»: