Դա նենգություն է, չի կարելի նման բան անել. հայ աստղերը կոչ են անում SOAD-ի հետ համեմատականներ չտանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ երեկ System of a Down խմբի երեւանյան համերգը տակնուվրա արեց ողջ քաղաքը, արթնացրեց հոգիներն ու նոր շունչ հաղորդեց բոլորիս, անվիճելի փաստ է: SOAD-ին մայրաքաղաքում ընդունեցին մեծ ոգեւորվածությամբ, հանդիսատեսը տվեց եւ ստացավ էներգիայի հսկայական պաշար:

Սակայն նույնիսկ այս օրերին, երբ ամենաշատն է խոսվում միասնական լինելու, իրար սատարելու եւ աջակցելու մասին, գտնվեցին մի խումբ մարդիկ, ովքեր սկսեցին որոշակի համեմատականներ տանել SOAD-ի եւ հայ աստղերի միջեւ: Սոցցանցերի հայկական տիրույթում սկսվեց շահարկվել այն թեման, թե հայ աստղերը «խմբի անդամների կոշիկն էլ չարժեն», «տեսա՞ք` ինչ արեց SOAD-ը ընդամենը մեկ համերգով. ո՞ր հայ աստղը կարող էր նման բան անել» եւ այլն…

Իհարկե, ամենեւեին մտադիր չենք ստանձել հայ աստղերի պաշտպանի դերը, սակայն չենք կարող չհարցնել` արդյոք այս պարագայում տեղի՞ն են նման համեմատություններն ու շահարկումները: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ. երբ Քիմ Քարդաշյանն էր Հայաստանում, նույն այդ քննադատները հայ աստղերին իրենց սովորության համաձայն համեմատում էին նաեւ ամերիկահայ աստղի հետ: Նրանք բոլոր դեպքերում անտեսում են այն հանգամանքը, որ հայ աստղերը մեր երկրի ունեցած ռեսուրսների չափով են աստղ, եւ իրատեսական չէ նրանցից պահանջել ցուցանիշ, որը գրանցում է, ասենք, SOAD-ը: Մոռանալով այն հանգամանքը, որ մենք էլ ունենք պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ երգիչներ, մի խումբ անձինք իրենց կարծիքը փորձեցին հանրայնացնել եւ դարձնել ընկալելի իդեա:

Armlur.am-ի հետ զրույցում երգչուհի Արփինե Բեկջանյանը, ով եւս ներկա է եղել համերգին, նշեց, որ անչափ տպավորված է դրանով: Անդրադառնալով տարածված խոսակցություններին` նա նկատեց, որ դրանցով փորձում են հերթական անգամ վարկաբեկել հայ աստղերին: «Համեմատականներ տանելը, կարծում եմ, սխալ է: Ամեն աստղ ունի իր տեսակը: SOAD-ն իր գործունեությունը ծավալել է երկրի սահմաններից դուրս, ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում, հնարավորություն ստացել իր կատարած աշխատանքը հասու դարձնել ողջ աշխարհին: Չի կարելի ասել, թե հայ աստղերը պետք է ամաչեն կամ վատ զգան ինչ-որ բանից. Ամեն մեկն իր տեղն ունի երգարվեստում: Իսկ աստղ հասկացությունը կարելի է ընդունել Հայաստանի սահմաններից դուրս միայն»,-կարծիք հայտնեց նա:

Երգչուհու համոզմամբ` բոլոր այն մարդիկ, ովքեր հանդես են եկել քննադատություններով եւ իրենց թույլ են տվել ոչ տեղին արտահայտություններ, վիրավորել են մարդկանց, որոնք պակաս լումա չեն ներդրել հայ երգարվեստում:

«Մեր երկրում ամեն մեկն էլ փորձում է ինչ-որ աշխատանք կատարել, իր գործունեությունը ծավալել, իսկ ժողովրդի որոշակի հատվածի խնդիրն է ամեն երեւույթ քննադատելը: «Դա մեր մեծագույն խնդիրն է, մարդու արածը չգնահատելու ազգային գիծ ունենք: Դա նենգություն է, չի կարելի նման բան անել»,-ասաց Արփինե Բեկջանյանը:

Երգիչ Գոռ Սուջյանին էլ զայրացնում են նման շահարկումները. «Ռուսերեն ասած` не до этого հայ աստղերը ինչ են անում կամ ինչ չեն անում: Սա համերգ չէր, սա կոչ էր. նման համեմատություններ չի կարելի անել, հակառակը` պետք է բոլորս «դուխ տանք» Հայաստանում ապրող երաժիշտներին, որովհետեւ տաղանդավոր մասնագետներ ունենք: Նման խոսակցությունների ժամանակը չէ: Հայ աստղերին իջեցնելը կամ բարձրացնելը այս պարագայում տեղին չէ: Ամեն մարդ, ով ինչքան կարողանում է, իր գործն է անում, եթե չեն ուզում տվյալ երաժիշտին կամ երգչին լսել, թող չլսեն, ամեն մեկն ունի ընտրության հնարավորություն»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս