ԽՈՍՈՒՄ ԵՆ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ, ԳՈՐԾՈՒՄ՝ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում գնալով խոսքն ավելի ու ավելի է արժեզրկվում: Ավելին՝ այդ գործընթացին հիմնականում նպաստում են իրենց ընդդիմադիր հռչակած գործիչները: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանց խոսքը վաղուց որեւէ արժեք չունի:

Բայց նախ փորձենք դիտարկել ոչ իշխանական ուժերի խոսքերն ու գործողությունները, որոնք պակաս մտահոգիչ չեն հանրությանը մոլորեցնելու իմաստով: Իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների մի տեսակ գոյություն ունի, որ օր ու գիշեր խոսում է իշխանությունների խուճապի մեջ լինելու, հեսա-հեսա իշխանափոխություն անելու, վճռականության եւ մինչեւ վերջ պայքարելու մասին, սակայն հաջորդ պահին սկսում է պատճառաբանություններ փնտրել, որպեսզի արդարանա, թե ինչու իրենց խոստումը չկատարվեց:
Անցած ուրբաթ օրը «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որը ներկայացավ որպես ազատամարտիկ, հայտարարեց, թե ինքը եւ եւս 50 ազատամարտիկներ երկուշաբթի օրվանից, այսինքն՝ երեկվանից, Ազատության հրապարակում նստացույց են սկսում, եւ ցանկացողներին կոչ արեց միանալ իրենց: Նստացույցը պետք է կայանար ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Երեկ, պարզվեց, որ Ավետիսյանից բացի՝ նստացույցին միացող չկա, ինքն էլ նստացույցն անցկացրեց Պուշկինի փողոցում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: Եւ քանի որ նախապես պլանավորված ակցիան չիրականացավ, Խաչիկ Ավետիսյանն առավել զավեշտալի քայլ արեց՝ հայտարարելով. «Մեր որոշումն այսպիսին է՝ հացադուլի եմ նստում, մինչեւ երեկոյան 12-ը (փոխոստիկանապետի օրինակը վարակիչ էր ժամային գոտու մասով) այստեղ, հետո հացադուլը շարունակում եմ մինչեւ ամսի 25-ը մի այլ վայրում՝ կլինի իմ տանը, բայց ոչ հասարակական վայրում: 25-ից հետո՝ այստեղ: Պետք չէ 24-ի օրերին ակցիա իրականացնել, հյուրեր կան, ի վերջո»: Համաձայնեք՝ որեւէ գաղափարի համար իրականացվող ակցիան ավելի անլրջացնելու մեթոդ հնարավոր էլ չէր մտածել: Ստացվում է՝ ուրբաթ օրը, երբ Խաչիկ Ավետիսյանը հայտարարում էր, որ նստացույց են սկսում, ամսաթիվը չէր նայել: Հիմա հարց է առաջանում՝ եթե չկան այն հիսուն հոգին՝ ազատամարտիկները, ում հետ Խաչիկ Ավետիսյանը պետք է նստացույց սկսեր, ինչու էր նա նման հայտարարություն անում, ո՞վ էր նրա լեզվից քաշել՝ ասելու խոսքեր, որոնց տակից չի կարողանում դուրս գալ: Միայնակ էր, թող ասեր՝ ես միայնակ եմ նստացույց սկսում: Ի վերջո, նա ի՞նչ իրավունքով է ազատամարտիկների անունից հանդես գալիս:
Բայց նրա այս քայլի արդյունքը եղավ այն, որ մարդկանց գիտակցության մեջ ամրագրվեց, թե ազատամարտիկները հայտարարում են, որ ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ նստացույց են անում, իսկ մի քանի օրից հրաժարվում են իրենց խոսքերից: Արդյոք այդքանից հետո մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն ազատամարտիկների անունից հնչող կոչերին եւ հայտարարություններին: Իհարկե, ոչ: Թեեւ մյուս կողմից կարող են ասել, թե շաբաթ-կիրակի օրերին մարդկանց սպառնացել են, համոզել են եւ այսպես շարունակ: Բայց եղբա՛յր, երբ հայտարարում էիք նստացույց սկսելու մասին, չգիտեի՞ք, որ իշխանությունները սպառնալու են, համոզելու են եւ էլի նման բաներ են անելու: Ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ ակցիա են նախապատրաստում եւ ակնկալում են, որ իշխանություններն պետք է օրինապահ եւ քաղաքակիրթ վարք դրսեւորեն:
Իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների` խոսքը չարժեւորելու երեւույթը կարելի էր անտեսել, եթե դրա արդյունքում նույն քաղբանտարկյալները չտուժեին, քանի որ նման գործողությունների արդյունքում ստացվում է, որ նրանց ոչ ոք չի ցանկանում սատարել: Իսկ իրականում ստեղծված իրավիճակն ընդամենը մեկ մարդու՝ Խաչիկ Ավետիսյանի անպատասխանատու գործունեության արդյունք է:
Իսկ, ահա, իշխանական գործիչների եւ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից մշտապես հնչող կեղծիքն ու սուտը վաղուց արդեն դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Եւ այդ տեսանկյունից մինչ օրս Սերժ Սարգսյանին գերազանցող չի եղել:
Սակայն վերջին շրջանում պաշտոնյաները սկսել են նոր որակ դրսեւորել` աչքի ընկնելով իրենց ցինիզմով: Պաշտոնական ցինիզմի ամենավառ օրինակը մինչ վերջերս համարվում էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն վերջինիս ո՛չ լրագրողները եւ ո՛չ էլ հանրության գերակշռող մասը լուրջ չի ընդունել: Մշտապես համարվել է, որ Սահակյանը պատկառելի տարիք ունեցող մարդ է, անիմաստ խոսելը նրա կյանքի միակ ուրախությունն է դարձել: Բայց պարզվում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, նստելով Գրիգորիչի նախկին աթոռին, որոշել է մարտահրավեր նետել իր ավագ կուսակցին: Բայց նրա մտքի վերջին գոհարները ոչ թե ցինիկ կամ անհեթեթ խոսքեր են, այլ իշխանությունը բռնազավթած խմբի անդամի խոսքեր: Մասնավորապես, նա լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները՝ հայտարարել է, որ ապրիլի 24-ին հանրահավաք կամ ցույց անել հայտարարող մարդկանց անհրաժեշտ է մեկուսացնել: Այն, որ ՀՀԿ-ն իր տնօրինության տակ գտնվող իշխանությամբ կարող է առանց դատի եւ դատաստանի կամ լավագույն դեպքում՝ հնարած մեղադրանքով մարդկանց ազատությունից զրկել, նորություն չէ: Նորությունը դրա մասին հրապարակային հայտարարելն է: Այսինքն՝ Հայաստանի պաշտոնյաներն այլեւս դադարել են ձեւականությունների հետեւից ընկնել եւ ուղղակի հայտարարում են, որ իրենց բռնազավթած երկրում օրենք չկա, իրենք են որոշում՝ ով կարող է ազատության մեջ լինել, իսկ ով՝ ոչ: Եւ ամենեւին էլ տարօրինակ չէր, որ երեկ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնության անդամներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի` կալանավորման դեմ ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մեկը մյուսի ետեւից մերժվեցին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

5 ՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ապրիլի 8-13-ը՝ իր ամուսնու, դստեր ու քրոջ հետ Հայաստանում գտնվելու օրերին, ինչպես հայտնի է՝ հանգրվանել էր Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում: Ք. Քարդաշյանի ընտանիքը ընտրել էր հյուրանոցի, այսպես կոչված, «նախագահական» համարը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ համարի մեկ օրն արժի 720 հազար դրամ: Ի դեպ, այդ համարը երկհարկանի է: «Մարիոթ» հյուրանոցում նման համար մեկ հատ կա: Քարդաշյանին ուղեկցող անձնակազմը հիմնականում տեղակայված է եղել, այսպես կոչված, «վիցեպրեզիդենսկի» համարներում, որոնք մեկ հարկանի են, իսկ դրանց օրավարձն արժի 432 հազար դրամ: Նշենք, որ Քարդաշյանների ընդունելությունը կազմակերպել էր Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի ղեկավար Արման Խաչատուրյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հյուրերի քանակը, սակայն նա հայտարարեց, թե թիվ չի կարող ասել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հյուրերի թիվը 20-ից ավել է եղել: Ստացվում է, որ Ք. Քարդաշյանը միայն իր սենյակի համար հյուրանոցին վճարել է 3 միլիոն 600 հազար դրամից ոչ պակաս, իսկ իր հետ եկած անձնակազմից յուրաքանչյուրի համար ավելի քան 2 միլիոն դրամ:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ԱԺ հայտարարության նախագիծը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստը կտեւի մի քանի րոպե, քանի որ հայտարարության քննարկումը նախորդ` հերթական քառօրյայում, ավարտվել է, եւ մնացել է հարցը քվեարկության դնել: Նշենք, որ այս հարցում միայն բացասական տեսակետ է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը` Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ, ըստ որոնց՝ նման հարց չպետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում: Մեր տեղեկություններով՝ հնարավոր է՝ այս հարցին «կողմ» քվեարկի ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի նոր հրամանատարի՝ գեներալ մայոր Վլադիմիր Ուստինովի նշանակվելուց հետո ողջ ռազմաբազայում ստուգումներ են սկսվել: Ի դեպ, ստուգումների հրամանն արձակել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ զինվորական հակահետախուզությունն ու Անվտանգության ֆեդերալ ծառայությունը՝ «ՖԷ ԷՍ ԲԷ»-ն էլ իրենց հերթին են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում առանձին ստուգումներ իրականացնում: Պերմյակովի արարքը շատ բաներ է բացահայտել բազայում:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՆՉՈՒ ԵՆՔ ԹԱՔՑՆՈՒՄ
Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը երեկ հայտարարել է, թե հարկ է հիշել, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները երիտթուրքեր չեն եղել: «Երիտթուրքերի պարագլուխներից եւ ոչ մեկը էթնիկ թուրք չէր` Ջավիդ, Նազըմ, Շուքվի, Շաքիվի, Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եւ նրանց մեծագույն բարեկամը` «Մեծ Մակեդոնիա» օթյակից, գերմանական, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ Իսրայել Լազերի Գելֆանդը: Նրանք հավատափոխ հրեաներ են, մեր իրականությունը դա թաքցնում է: Պետք է վերհանենք պատմական ճշմարտությունը»:
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ հակադարձել է` նշելով, թե ցեղասպանության կազմակերպիչները հրեաներ չէին. «Նրանք օսմանյան թուրքեր էին, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը»:

 

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՂՈՂԱՆՋ
Ապրիլի 23-ին` օրվա երկրորդ կեսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Այն կավարտվի 19:15 րոպեին: «Դա խորհրդանշական թիվ է, որն արտացոլում է 1915 թվականը: Այն լինելու է համազգային լռության րոպե: Այդ լռության րոպեին կնախորդեն Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի գուժկանների 100 հարվածները, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 100 տարին»,- երեկ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրված է ապրիլի 24-ին այցելել Երեւան ու մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այցի շրջանակներում կկայանա Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն միություններում փոխհամագործակցությանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նկատենք, որ նմանատիպ այցերից առաջ «մտադրված է» բառակապակցությունը սովորաբար չի օգտագործվում:
«Մենք Թուրքիայի հետ չափազանց սերտ համագործակցության մեջ ենք, այն հիմնված է չափազանց ամուր փոխշահավետ տնտեսական գործակցության վրա»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը:




Լրահոս