Բունդեսթագը վաղը կարող է նոր թափ հաղորդել Ցեղասպանության ճանաչման գործընթացին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի՝ ապրիլի 12-ին հնչեցրած ուղերձը, որում նա 1915թ. հայերի հետ կատարվածը որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, աշխարհում կարծես փոխեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումը: Դրանից հետո մեկը մյուսին հաջորդած բանաձեւերն ու հայտարարությունները, թեեւ, ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից գրեթե որեւէ ազդեցություն չունեն, սակայն բեկումնային նշանակություն ունեցան հարցի ընկալման եւ թեկուզ բարոյական առումով ճշգրիտ գնահատման տեսանկյունից: Այդ ամենն, իհարկե, ամուր հող կարող է նախապատրաստել առաջիկայում արդեն զուտ իրավական գործընթացների ձեռնարկման համար:

Դրա համար, սակայն, չափազանց կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկայիս թափը չկոտրվի: Ապրիլի 24-ին այս առումով մեր երկու ակնկալիքներն էլ չիրականացան: Նախ` Բարաք Օբաման հերթական անգամ տեղի տվեց թուրքական ճնշմանը, ապա եւ` Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց: Թեեւ քննարկումների ընթացքում գրեթե բոլոր պատգամավորներն էլ կատարվածը որակեցին ցեղասպանություն եւ հանդես եկան ժխտողականության անխնա քննադատությամբ, այդուհանդերձ, բանաձեւի քվեարկության հետաձգումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի զանգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ գուցե եւ նաեւ այլ` չհրապարակված զանգեր իրենց ազդեցությությունն ունեցել են՝ հարցի քվեարկությունն առնվազն հետաձգելու համար:

Վաղը Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կվերսկսվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումները: Թե ինչպիսին կլինեն արդյունքները, մեզ համար չափազանց կարեւոր է եւ ճանաչման հետագա գործընթացի զարգացման միտումները կանխորոշող: Հետեւաբար, ՀՀ իշխանությունները եւ սփյուռքը չպետք է ձեռքները ծալած նստեն:

Իհարկե, որեւէ մեկը չի ակնկալում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է զանգել Անգելա Մերկելին, սակայն մենք էլ ազդեցության մեր լծակները մեր չափով կարող ենք եւ պետք է օգտագործենք:

Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, Գերմանիայի Բունդեսթագը հետքայլ կատարի եւ վարվի այնպես, ինչպես Բարաք Օբաման` բովանդակային առումով ընդունելով ցեղասպանությունը, սակայն ֆորմալ, քաղաքական առումով դա չամրագրելով որպես ցեղասպանություն, մեզ համար դա հիասթափության սառը ցնցուղ կլինի, իսկ Թուրքիայի համար` հաջորդ հարյուրամյակում եւս անպատիժ մնալու քաղաքական երաշխավորության խոստում:




Լրահոս