Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված է աշխարհի 199 երկրների լրատվամիջոցների ազատության վարկանիշը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը 135-րդ տեղում է հենց մասամբ ազատ եւ անազատ մամուլի սահմանագծում, թեեւ դասված է անազատ երկրների շարքին:
Ու թեեւ զեկույցում նշված է, որ Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայինը կամ Մեքսիկայինը, եւ անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները, այնուհանդերձ, տեսանելի է, որ Freedom House-ի զեկույցը կրում է որոշակի քաղաքական ազդեցություններ: Իհարկե, Հայաստանի լրատվամիջոցների ազատության հետ կապված զեկույցում առկա դիտարկումները միանգամայն համարժեք են եւ տեղին, սակայն հարց է, թե որքանով է ներկայացված ցուցանիշը անաչառ` ի համեմատ, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որին վերապահված է տարածաշրջանում միակ «մասամբ ազատ» երկիրը լինելու պատիվը:
Եթե ազատության մակարդակը դիտարկում ենք բացառապես տվյալ երկրի իշխանություններին քննադատելու հնարավորության տեսանկյունից, ապա, ինչ խոսք, Վրաստանում վիճակը տեսանելիորեն բարվոք է, հատկապես հեռուստատեսային դաշտում: Սակայն եթե մենք փորձենք այդ երկրի «մասամբ ազատ» մեդիայում փնտրել, օրինակ, վրաց եկեղեցու քննադատության կամ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման թեմաներով հրապարակումներ, ապա կտեսնենք, որ դրանք այնքան սակավաթիվ են եւ լղոզված, որ հավասարազոր են չլինելուն: Գաղտնիք չէ, որ երբ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, այդ երկրի օրինապահ քաղաքացիներ են, փորձում են իրենց իրավունքների ոտնահարման հարցը բարձրացնել վրաց մամուլում, լավագույն դեպքում բախվում են քողարկված, սակայն ամուր պատնեշի, իսկ առավել հաճախ` արժանանում «սեպարատիստներ» պիտակին նույն այդ ազատ մամուլի կողմից:
Որքան էլ քննադատենք ՀՀ իշխանություններին մամուլը վերահսկելու հաջողված եւ անհաջող փորձերի համար, այդուհանդերձ, դժվար է համաձայնել, որ Հայաստանի եւ Վրաստանի մեդիադաշտի ազատությունների միջեւ տարբերությունն այդքան մեծ է` մենք 135-րդ տեղում ենք, Վրաստանը` 93-րդ:
Եվ կամ, որքանով է օբյեկտիվ Ռուսաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցների ազատության գնահատականների այդքան փոքր տարբերությունը` համապատասխանաբար 180-րդ եւ 188-րդ: Ինչ խոսք, երկու երկրներն էլ մամուլի ազատության տեսանկյունից գտնվում են անմխիթար վիճակում, սակայն, այդուհանդերձ, տարբերությունը հսկայական է` հօգուտ Ռուսաստանի: Եվ արձանագրելով այլ պատկեր` զեկույցը հեղինակած կազմակերպությունը պարզապես ի ցույց է դնում իր քաղաքական համակրանքներն ու շահագրգռությունները, ինչը, բնականաբար, որոշակիորեն արժեզրկում է նման զեկույցների նշանակությունը: