Մարտի 22-ին հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին ապրիլի 27-ին այցելել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ԿԽՄԿ-ից` հավելելով, որ Անդրանիկին հնարավորություն է տրվել նամակներով փոխանակվել հարազատների հետ: Նրա առողջական վիճակի մասին մեզ չհայտնեցին` նշելով, որ ԿԽՄԿ-ի մանդատն արգելում է այլ մանրամասներ ներկայացնել:
Armlur.am-ը զրուցեց նաև հայ ռազմագերու քրոջ ամուսնու` Արմեն Հարությունյանի հետ, ով հայտնեց, որ Կարմիր խաչն այս անգամ Անդրանիկից իրենց նամակ չի փոխանցել.«Ապրիլի 24-ին ենք հանդիպել Կարմիր խաչի աշխատողների հետ: Նամակ ենք փոխանցել, որ հանձնեն Անդրանիկին: Բայց նրանից պատասխան չենք ստացել: Ասացին, որ մայիսի 4-ին են գնալու տեսակցության, այդ ժամանակ, հնարավոր է, պատասխան լինի: Միայն բարևներ են բերել նրանից»:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ ԿԽՄԿ-ից իրենց ասել են, որ Անդրանիկի վիճակը լավ է. «Եթե մինչև հիմա բան չեն արել, էլ չեն անի»,- այսպիսի պատասխան են ստացել ռազմագերու հարազատները Կարմիր խաչից:
Ինչ վերաբերում է Անդրանիկի ծնողներին, ապա մեր զրուցակիցը հայտնեց, որ նրանք գտնվում են ծայրահեղ հուսահատության մեջ: Անդրանիկի հայրը` Արարատ Գրիգորյանն, անգամ, ասել է, թե այլևս չի ցանկանում ապրել:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանն անցել է հակառակորդի սահմանը` թողնելով զենք-զինամթերքը: Նրա կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` դասալքության հատկանիշներով:
Անդրանիկի հարազատները «Ժողովուրդ» -ի հետ զրույցում ասել էին, թե ամենայն հավանականության նա այդ քայլին է գնացել այն պատճառով, որ հարազատները թույլ չեն տվել ամուսնանալ իր սիրած աղջկա հետ: Իսկ հակառակորդին ՊԲ զինծառայողն ասել է, թե չի ցանկանում «անիմաստ մեռնել»: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հարազատներն ասում էին, թե Անդրանիկն առողջական խնդիրներ ունի: