Նորակառույց եկեղեցին կոչվեց բարերարի կնոջ անունով` առանց հաշվի առնելու, որ Սբ. Աննան օտար սուրբ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրի հովանավոր, ԱՄՆ-ում բնակվող Հրայր Հովնանյանը երեկ եկեղեցու օծման արարողության ժամանակ ասել է, որ իր համար ավելի կարեւոր է աշխատատեղերի, գործարանների կառուցումը, քան եկեղեցու: «Էջմիածինն է առաջարկել այս միտքը` եկեղեցի եւ նստավայր կառուցել, ես ալ կամավոր համաձայնել եմ»: Պատասխանելով Armlur.am-ի հարցին, եթե առաջարկեին կառուցել գործարաններ կամ ստեղծել այլ աշխատատեղեր, կանեի՞ք, բարերարը ասել է. «Ինձ համար ավելի կարեւոր է գործարանների կառուցումը, քան այս»:

Հայազգի բարերարի այս անկեղծ խոստովանությունը ի ցույց է դնում այն մտածողությունը, որն առկա է ՀՀ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների մոտ` սփյուռքի ռեսուրսներն ի օգուտ ժողովրդի ծառայեցնելու հարցում: Ստացվում է, որ մեր իշխանությունները (մեր իրականությունում, թերեւս, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության տարանջատումը պայմանական է) շատ ավելի կարեւոր են համարել, որ ամենայն հայոց կաթողիկոսը երեւանի կենտրոնում շքեղ նստավայր ունենա, քան թե այդ նպատակով ծախսվելիք հսկայական ֆինանսական միջոցներով որեւէ արտադրություն հիմնվի, որը աշխատատեղեր կստեղծեր եւ որոշ չափով կնպաստեր աղքատության կրճատմանը: Եվ այս մեկ մասնավոր օրինակով կարելի է առանց սխալվելու մտավախության ընդհանրական գնահատական տալ սփյուռքի մեր մեծահարուստ հայրենակիցների հետ ՀՀ իշխանությունների հարաբերվելու որակին:

Չի բացառվում, որ այստեղ անգամ չեն էլ մտածել, որ դրսի որեւէ հայ մեծահարուստ պատրաստ է Հայաստանում բարեգործական հիմունքերով գործարան կառուցել, քանի որ իրենք, չլինելով պակաս մեծահարուստ, երբեւէ նման բան մտքներով չեն էլ անցկացրել: Առավելագույնը, որ հայրենի օլիգարխներից եւ պաշտոնյաներից ոմանք անում են, շքեղ եկեղեցիներ կառուցելն է, որոնք երբեմն կոչում են սեփական անուններով (ինչպես, օրինակ, Հովիկ Աբրահամյանը` Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու դեպքում), երբեմն էլ ավելի հեռուն են գնում` եկեղեցու որմնանկարների վրա սրբերի շարքում սեփական պատկերը ներկայացնելով (ինչպես դա եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կառուցած, դարձյալ իր անվամբ` Սբ. Հովհաննես եկեղեցում):

Եվ, փաստորեն, սփյուռքահայ միլիոնատերերին էլ սեփական արշինով չափելով` մեր իշխանությունները որոշել են, որ եկեղեցի կառուցել տալուց ավելի հարմար տարբերակ չկա, հատկապես որ Կաթողիկոսը առաջարկել է այն կոչել Հ. Հովնանյանի կնոջ` Աննայի անունով` հաշվի չառնելով, որ Սբ. Աննան հայ առաքելական եկեղեցու համար օտար սուրբ է:

Այս ամենը շատ տխուր է՝ հատկապես աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին ի ցույց դրված հայ ազգային դղրդացնող ուժի ֆոնին: Տխուր է, երբ մենք այդքան հզոր ենք, սակայն այսքան աղքատ` ընչաքաղց այս իշխանությունների լծի տակ:




Լրահոս