Ինչու է նախկին զինդատախազը դեմ ծառայությունից խուսափողների վերաբերյալ օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախագիծը հակասահմանադրական է, և հիմա իրենք չեն պատժվում չծառայելու համար, այլ ինչ-որ ֆինանսական պարտավորություններից հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից և խախտում են այն օրենքը, որը ասում է, թե բոլոր քաղաքացիները պարտավոր են ծառայել»: Օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է` մինչև 2014 դեկտեմբերի 31-ը չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, տուգանք վճարեն և ազատվեն քրեական հետապնդումից:

Վերջինս իր խոսքում հիշեցրել է, որ դեռևս 1997թ.-ից սկսած, ինքը և պաշտպանության նախարարները հայտարարություններ էին անում, որ ժամկետային զինծառայությունից խուսափողները զորակոչերի ընթացքում հրավիրվեն ծառայության, և ասում էին, թե ով եկավ և ծառայության ներկայացավ, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Սա առաջացնում էր քննչական, դատախազական մարմինների դժգոհությունը, քանի որ որոշակի սպասելիքներից զրկվում էին: Այդ լոբբինիգի արդյունքում, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, բերվեց այս նախագիծը, որը ըստ էության այն ժամանակ էլ էր հակասահմանադրական, հիմա էլ:

Ավելորդ չենք համարում նկատել, որ Գագիկ Ջհանգիրյանի կողմից հիշատակված իրադարձությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը զինդատախազ է եղել: Իսկ նախագիծն օրինական ուժի մեջ է մտել մասնավորապես իր և Ռոբերտ Քոչարյանի «ջանքերով»: Այս դեպքում քրեական հետապնդումից ազատվելու դիմաց գանձված գումարը որոշակի մարդկանց գրպանն էր գնում:

Թերևս տարօրինակ չէ, որ նախկին զինդատախազը խոսում է ընդդեմ նոր նախագծի, քանի որ առաջ է եկել գաղափարական սկզբունքի հարցը: Այնպիսի տպավորություն է, որ Գ. Ջհանգիրյանը չի նկատել, որ վերոնշյալ նախագիծը հնարավորություն կտա և´ պետբյուջեի հաշիվներն ավելացնել, և´ նվազեցնել արտագաղթի տեմպերը:

Իսկ առաջ քաշելով «օրենքի առաջ բոլորը հավասար են» գաղափարը` խնդրին լուծում, ըստ երևույթին, չի տրվի:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային Ազգային ժողովի նիստում քննարկվել է կառավարության ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Զեկուցողները ներկայացրել էին օրենքի փոփոխության պատճառները, որոնց համաձայն, դա քայլ է` ուղղված զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հայրենիք վերադարձնելուն:

Նիստի ժամանակ Գ. Ջհանգիրյանին հետաքրքիր էր՝ եթե կա վիճակագրություն, ապա թող ներկայացնեն՝ նախորդ ժամկետի երկարաձգումից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում քանի՞սն են ներկայացել և կատարել համապատասխան մուծումներ, որպեսզի պարզ լինի՝ դա բյուջեին որևէ ռեալ եկամուտ բերո՞ւմ է, թե՞ ոչ:

Պատգամավորը հարցրել է՝ մի՞թե բավական չէ, քանի որ արդեն 4-րդ անգամ են օրենքի գործողության ժամկետը երկարաձգում. մի կողմից՝ հնարավորություն են տալիս, որ 27 տարին լրացած մեր հայրենակիցները վերադառնան, խուսափեն քրեական պատասխանատվությունից, մյուս կողմից էլ նպաստում են, որ նրանք մնան դրսում, քանի որ ծառայելու, կամավոր վերադառնալու ցանկություն չունեն, ուստի պիտի մնան մինչև 27 տարին լրանալը։

Սակայն այստեղ, կարծես, ՀԱԿ պատգամավորը չի նկատել մի հանգամանք ևս. բոլոր դեպքերում էլ խուսափողները կխուսափեն. կան դեպքեր, երբ երիտասարդները տարբեր պատճառներով գտնվելով արտերկրում (ուսման, աշխատանքի և այլնի համար), համենայնդեպս, վերադառնում և ծառայում են, բայց եթե որոշել են մինչև 27-ը չգալ, այսինքն՝ խուսափել ծառայությունից, նրանք միևնույն է՝ չեն գալու:

Ի դեպ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ավելի վաղ պարզաբանել էր, որ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը հույս է ներշնչում, որ ծառայությունից խուսափողները, ովքեր հեռացել են երկրից, կվերադառնան։ Հակոբյանը համոզված էր՝ ոչինչ չանելով էլ մենք «բան չենք շահում», քանի որ նրանց հնարավորություն չենք տալիս երկիր գալու:




Լրահոս