Կարո Կարապետյանին ծրագրավորել էին սպանել ոստիկանական համազգեստո՞վ. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Հայտնի է, որ երկար ժամանակ Հատուկ Քննչական ծառայությունում Գոհար Ենոքյանի մասնակցությամբ խարդախության գործ էր քննվում:

Եվ այսպես, Armlur.am-ին դեպքի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնում են մեր լավատեղյակ աղբյուրները, այս քրեական գործը նոր չէ, որ հարուցվել է. այն մեկ տարուց ավել քննվում է:

Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մոտ կանգնած Armlur.am-ի աղբյուրներից պարզեցինք, որ Գոհար Ենոքյանին ձերբակալել են նրա տունը խուզարկելուց հետո: Նույն աղբյուրները հայտնում են, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մարտական զենք, փամփուշտներ և ոստիկանական մայորի ուսադիրներ: Իրավապահները քննում են վարկած այն մասին, որ ծրագրվել է Կարո Կարապետյանին սպանել ոստիկանի համազգեստով: Չի բացառվում, որ, օրինակ, ճանապարհային ոստիկանը պետք է ինչ-որ հանգիստ վայրում, որտեղ մարդաշատ չէր լինի, կանգնեցներ նախկին ԲՀԿ-ական պատգամավորի մեքենան և սպաներ նրան:

Նշենք, որ այս պահին իրավիճակի հետ կապված կան բազմաթիվ վարկածներ, ուստի Armlur.am-ը փորձում է պարզել իրականությունը, որպեսզի իր ընթերցողին ներկայացնի բացառապես ստուգված ինֆորմացիա:

Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանի փաստաբանը հայտարարել էր, թե գործը շինծու է, իր պաշտպանյալի գլխին իրականում սարքել են: Մենք տեղեկացանք նաև, որ Կարո Կարապետյանի փաստաբանը Երեմ Սարգսյանն է, ում հետ առայժմ չենք կարողանում կապ հաստատել: Կարո Կարապետյանը ևս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս