Նախկին ԲՀԿ-ականը փոշմանե՞լ է, որ միացել է ԱԺ-ում իրականացրած ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյան զանգահարեց Armlur.am-ի խմբագրություն և հայտնեց, որ ինքը տեղյակ չի եղել այսօր ԱԺ-ում կազմակերպված ստորագրահավաքի մանրամասներին: Ըստ պատգամավորի` ինքը փորձել է իր նախկին կուսակից ընկեր Գոհար Ենոքյանին օգնել, քանի որ վերջինս կալանքի տակ է ու առողջական խնդիրներ ունի: Եվ միայն ստորագրությունը դնելուց հետո է պարզել, որ Ենոքյանը մեղադրվում է իր մեկ այլ նախկին կուսակից ընկեր` Կարո Կարապետյանի դեմ մահափորձ նախապատրաստելու դեմ:

-Պարոն Պետոյան, ինչո՞ւ եք միացել խորհրդարանում կազմակերպված ստորագրահավաքին:

-Մենք իմացել ենք, որ Ենոքյանը նախնական կալանքի տակ է գտնվում: Ասեցինք` ստորագրենք, թող մարդուն բաց թողնեն, տան պայմաններում նախաքննություն իրականացնեն: Բայց եթե ինչ-որ նման արարք է թույլ տվել, միանշանակ պետք է պատժվի:

-Իսկ Ձեզ ո՞վ էր ասել, որ պետք է ստորագրեք, և, ըստ երևույթին, առանց մանրամասներ ներկայացնելու:

-Մենք չենք էլ իմացել` ում հետ է կապված, ինչ դեպք է:

-ԱԺ ԲՀԿ խմբակցությունո՞ւմ են ասել, որ Գոհար Ենոքյանին ազատելու համար ստորագրություն է իրականացվելու:

-Ո´չ, ես այդ խմբակցության անդամ էլ չեմ, դահլիճում է հայտարարվել, որ տիկին Ենոքյանը շատ ծանր վիճակում է, նախնական կալանքի տակ է: Մեր ստորագրությամբ կարող ենք օգնել, այդ մարդուն պարզապես նախնական կալանքից դուրս հանենք:

-Երբ իմացաք, որ տիկին Ենոքյանը մեղադրվում է Կարո Կարապետյանի դեմ մահափորձ կատարելու մեջ, փոշմանեցի՞ք, որ ստորագրել եք ու այն հե՞տ եք վերցնում:

-Չգիտեմ` կարո՞ղ ենք այդ ստորագրությունը հետ վերցնել, թե` ոչ: Մենք կողմ ենք, որ նման բան արած մարդը պատիժ կրի:




Լրահոս