Գալուստ Սահակյանը վտանգում է հայ-վրացական հարաբերությունները. հարցը «հասել» է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլիովին ընդունել է, ընդամենը նրա համար, որ վերջինս եկել էր ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին` որպես դիտորդ: Իսկ Բիբիլովն էլ օգտվելով առիթից՝ այդ հանդիպման փաստը հրապարակել է: Ըստ մեր տեղեկությունների՝ հարցն անգամ «հասել» է Սերժ Սարգսյանին, որը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին հանձնարարել է անել ամեն ինչ, որպեսզի միջպետական սկանդալը հարթվի, եւ հայկական կողմը կարողանա այս պատմությունից «չոր» դուրս գալ:

Ու մինչ ՀՀ իշխանությունները մտածում էին՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, վրացական մամուլն արդեն կատարվածի շուրջ իր վրդովմունքն էր բարձրաձայնում: Մասնավորապես` վրացական «Ռեզոնանսի»-ը երեկ հոդված էր հրապարակել «Դիվանագիտական սկանդա՞լ Հայաստանի ու Վրաստանի միջեւ» վերնագրով` գրելով, թե Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է անջատողական Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին ու այդ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հարցը:

Սկանդալային այս հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armlur.am-ին երեկ ասել է. «Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ: Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձանց միջեւ մասնավոր հանդիպումները որեւէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ»: Նաեւ պաշտոնական Թբիլիսիին ներկայացված այս բացատրությունը, սակայն, բավարար չէ վրացական կողմի համար, որը երեկ շտապեց հայտարարել, թե Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տհաճ միջադեպից հետո վրացական կողմը ՀՀ իշխանություններին տարբեր սպառնալիքներ է ուղղել, այդ թվում եւ` տրանզիտային հաղորդակցության սահմանափակումների մասով: Այստեղ են ասել` մի անխելք ջրհորը քար գցեց, հարյուր իմաստուն չեն կարողանում հանել: Այս միջադեպը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն տխուր իրողությունը, որ Հայաստանում կարեւորագույն պաշտոնները վստահված են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից զուրկ անձանց, որոնց պարզունակ մտածողությունն ու չհաշվարկված քայլերը վերածվում են Հայաստանի համար խիստ վտանգավոր արկածախնդրության:
Անի Ստեփանյան




Լրահոս