Վերջին ժամանակներս պետական գնումների ոլորտը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում. Արտակ Շաբոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները:

Այսպես, ՏՄՊՊՀ նիստում հայտարարվեց, որ նշված մրցույթների զգալի մասը ձևական բնույթ է կրել: Հայտնի դարձավ, որ հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված մրցույթներին, զեկուցողի փոխանցմամբ, մասնակցել է 19 ընկերություն:

Որևէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել , և նրանք հաղթող են ճանաչվել առանց միմյանց հետ մրցացելու:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշեց, որ պետական գնումների մրցույթում կարևոր է արդար մրցակցությունը, քանի որ տնտեսվարողը հնարավորություն է ունենում բարձր գնային առաջարկ սահմանել, իսկ պետությունը ստիպված ընդունում է այդ առաջարկը. «Վերջին ժամանակներս պետական գնումների ոլորտը գտնվում է մեր ուշադրության ոլորտում: Հանձնաժողովի տեսադաշտում է գտնվում նաև մանկապարտեզների և շինարարությունների ոլորտները: Քանի որ մեր հնարավորությունները սահամնափական են, մենք ուսումնասիրությունները կատարում ենք հերթականությամբ,: Մենք կոչ ենք անում բոլոր տնտեսվարողներին խնդիրների դեպքում դիմել մեր հանձնաժողովին և կոնկրետ առարկայական բողոքներ ներկայացնել մեզ: Անգամ եթե խուսափում են իրենց անունից բողոքել, թող մատնանշեն կոնկրետ անուններ, որոնք խախտում են արդար մրցակցության կանոնները»:

Նշենք, որ հարուցվել է վարչական վարույթ, սակայն խախտում իրականացրած ընկերություններին տուգանելու կամ նկատողություն տալու վերջնական որոշումը կկայացվի առաջիկայում:




Լրահոս