Որքանով հայ-ամերիկան համաձայնագիրը կազդի ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի կողմից ստորագրված այս փաստաթուղթը, թեեւ բանակցվում էր տարիներ շարունակ, այդուհանդերձ, ստորագրվեց հիմա, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, եւ իր առեւտրային հարաբերություններում շատ ավելի կաշկանդված, քան նախկինում:

Սակայն թերեւս հենց ԵՏՄ-ին անդամակցության եւ ռուսական ազդեցության է՛լ ավելի ամրապնդման արդյունքում էլ մինչ օրս Հայաստանի ընդամենը 6-րդ տնտեսական գործընկերը համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է թեկուզ փոքր, բայց ինչ-որ խթանիչ քայլ անել` Հայաստանում գոնե իր տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով: Չմոռանանք, որ ամերիկյան կապիտալի ամենամեծ` 250 միլիոն դոլարի ներդրումը՝ Որոտանի ՀԷԿ-երի կասկադի գնման գործարքը, արդեն մեկ տարուց ավել է` հայկական կողմը առկախել է, բնականաբար` ոչ առանց ռուսական կողմի ցուցումի:

Եվ այս համատեքստում բավականին ուշագրավ է, որ Որոտանի գործարքը, ըստ էության, ձախողած Ջոն Հեֆերնին փոխարինած Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Միլսը իր առաջին իսկ հրապարակային ելույթներով շեշտը դրեց հենց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խթանման վրա:

Բնականաբար, ակնկալել, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան կապիտալը՝ թեկուզ եւ հայազգի մեծահարուստներին պատկանող, կհոսի Հայաստան, միամտություն է: Դրան խանգարող գործոնների թվում առաջին տեղում հենց Հայաստանի իշխանական համակարգի` վերից վար կոռումպացվածությունն է եւ նախկինում ամերիկահայ բազմաթիվ մեծահարուստների «քցվելու» դառը փորձը: Այս համաձայնագրով, սակայն, որոշակի բազա է ստեղծվում` հարկ եղած դեպքում հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններն իրապես խորացնելու համար: Այսինքն` սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար նախ եւ առաջ կարեւոր փաստաթղուղթ է` Ռուսաստանին եւ ԵՏՄ մյուս անդամներին ցույց տալու համար այլընտրանքի առկայությունը:

Թե որքանով այն համոզիչ կդիտվի եւ ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ում որպես «կույրաղիք» ընկալվող Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի վրա, պարզ կդառնա արդեն վաղը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցելու համար, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը մեկնելու է անմիջապես Վաշինգտոնից:




Լրահոս