Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը, անդրադառնալով իր դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Գոհարիկ Ենոքյանի ազատ արձակմանը, ասաց, որ շատ զայրացած է. «Այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ «կռիշ» են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Գոհարիկ Ենոքյանին ձերբակալել էին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով: Եվ, ահա, երեկ թեեւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 1-ին մասի հատկանիշներով` մահափորձի նախապատրաստում, այնուամենայնիվ, ՀՀ գխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով, հաշվի առնելով ԱԺ նախկին պատգամավորի տարիքը եւ առողջական վիճակը, որոշում կայացվեց ազատ արձակել նրան՝ խափանման միջոցը ընտրելով ստորագրությամբ երկրից չբացակայելը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ, որը մինչ այս հրաժարվում էր շփվել լրագրողների հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Ենոքյանին, որը համարվում է բարի համբավ ունեցող անձնավորություն, ազատ արձակվեց:
-Շատ ջղայնացած եմ: Չեմ պատկերացնում՝ ինչի իրան ազատ արձակեցին, որովհետեւ տրամաբանությունը լրիվ ուրիշ բան էր ասում: Հիմա կարող է՝ վաղն էլ ասեն, թե էս պատմությունը չի եղել, ու էդ մարդը ինձ չի քցե՞լ: Ես հրապարակային ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ էդ մարդը ինձ քցել ա, էդ մարդը իմ փողերը վերցրել ու չի տվել: Ավելին ասեմ, որ իրա ախպոր տղեն ընդունել է, որ ինձանից փող են վերցրել, տարել, կերել են ու չեն ուզում տան: Ցուցմունք ա տվել, հասկանո՞ւմ ես:
-Պաշտոնապես հայտարարվեց, որ տիկին Ենոքյանի առողջականն էր պատճառը, որ նրան ազատ արձակեցին: Ձեր խոսքերից ենթադրվում է, որ Դուք այնքան էլ հակված չեք հավատալու, որ նա առողջական խնդիրներ ունի՞:
-Հա, գուցե մեծ կին է, առողջական խնդիր ունի, բայց առողջական խնդիրները հիմք չեն, որ սպանության փորձ նախապատրաստողին ազատ արձակեն: Կալանավայրերում կան հազարավոր բժիշկներ, միջամտություն կարող էին ցուցաբերել, հազար մարդ է կալանավայրում հիվանդ պառկած, որ բուժվում են, եւ ազատ չեն արձակում, էդ ինքը վերին արտի ցորեն պիտի լինե՞ր: Ես կարծում եմ, որ այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ կռիշ են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին:
-Անուններ կասե՞ք, ովքե՞ր են Գոհարիկ Ենոքյանի «տանիքները»:
-Հիմա անուններ չեմ տա, կգա ժամանակը, ես բոլորի դեմքը կպատռեմ ու բոլորի անունները կասեմ, որովհետեւ Գոհար Ենոքյանը մենակ շատ փոքր էր, որ ինձ կարողանար քցեր, ստեղ կան լիքը ուրիշ մարդիկ, որ այս փողը վերցրել, տարել, կերել են: Եթե էսօր ինձ քննադատում են, ասում են՝ էսքան փող որտեղից, ապա ասեմ, որ գույք եմ ունեցել, ծախել եմ, տարել, տվել եմ իրան ու ընկել եմ վարկերի տակ իրանց երեսից: Եթե օրենքը բան չի կարում անի, ուրեմն ես պիտի մտածեմ, թե ինչ անեմ: Սպասում եմ՝ երկրի նախագահը գա, պիտի գնամ, պատմեմ, ասեմ` նախագահ ջան, դու էս պատմությունը գիտես: Ու մենակ նախագահին կասեմ, թե ովքեր են եղել այս գործի կռիշները, որ նախագահը իմանա, որ անարդարար ձեւով ինձ քցել են:
-Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ձեզ Գագիկ Ծառուկյանն ասել է՝ դադար տաք եւ հանգիստ թողնեք Գոհարիկ Ենոքյանին: Արդյո՞ք տանիքը նա է:
-Ես ավտարիտետի ասում եմ, որ Ծառուկյանի հետ հարց չեմ ունեցել այդ թեմայով, հավայի բաներ են գրում: Դուք համբերեք, ես անուններ կտամ, ես ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ փախնող տղա եմ, ինձ խափել են ու քցել իմ երկրում: Իրանք կերել են իմ ու իմ հոր հալալ քրտինքը: Վերեւն Աստված կա:
-Չե՞ք կարծում, որ Գոհարիկ Ենոքյանի ազատ արձակմանը նպաստեց նաեւ Ձեր գործընկերների ստորագրությունը, ինչը ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազին: Ի վերջո, նա հարգված տիկին է:
-Ես մի բան կասեմ, որ պատգամավորներից շատերը չեն իմացել, որ դա իմ հետ է կապված եղել, քանի որ առավոտ շուտ Նաիրա Զոհրաբյանը հելել, հայտարարել է, որ Գոհարիկ Ենոքյանին բռնել են, բայց չի ասել, թե ինչի համար: Նրանք էլ չեն իմացել, որ դա իմ հետ է կապված, ու ստորագրել են, Աստված իրանց հետ: Մի բան կասեմ, եթե գա օրը, որ իմ գործընկերներից մեկը ընկնի իմ վիճակում, որ իրանց քցեն ու այդ իրենց քցողի համար գան, ստորագրություն վերցնեն, ես սիրով կտամ, թող գնան, այ սենց սաղին քցեն: 8.5 մլն դոլարը քիչ փող ա՞, օդից ընկա՞վ: Սիրտս տրաքում ա:
-Տեղեկություններ կային, որ Դուք առերեսման եք գնալու Գոհարիկ Ենոքյանի հետ:
-Այսօր ես շատ խառն էի, իմ փեսայի գործով դատն էր, բոլորդ էլ լավ գիտեք էդ մասին, նա էլ էնտեղ փորձանքի մեջ ընկավ:
Հ. Գ. Նշենք, որ -ի հետ զրույցում Գոհարիկ Ենոքյանը ասել էր, որ իր հետ կատարվածն անարդար է, եւ այն համարեց անտեղի իրադարձություն: «Ոչինչ, լավ եմ, դիմանում եմ: Իհարկե, ծանր է, որ էսպիսի շառի մեջ եմ ընկել, բայց քանի որ արդար եմ, ամեն վայրկյան էլ ինձ ասում էին՝ դու արդար ես, պայքարի, քո առողջությունը պահպանի: Էս ամեն ինչն անցնի, հարցերս լուծեմ, նորից կդառնամ առաջվա Ենոքյան Գոհարը»,-հայտարարեց տիկին Ենոքյանը՝ Կարո Կարապետյանին առողջություն մաղթելով:
Քնար Մանուկյան