Վաշինգտոնից ուղիղ Մոսկվա աճապարած Սերժ Սարգսյանը, չնայած կտրած երկար ճանապարհին, երեկ բավականին առույգ էր եւ նկատելի մասնակցություն ունեցավ եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում: Իր ելույթում Ս. Սարգսյանը չխնայեց գովեստի խոսքերը եւ հակառակ ԵՏՄ իր որոշ գործընկերների՝ դժգոհության կամ անբավարարվածության ակնարկ անգամ չարեց: «ԵՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռք բերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր»,-ոգեւորված հայտարարեց Ս. Սարգսյանը: Թե կոնկրետ ինչ ձեռքբերումներ նա նկատի ուներ, դժվար է ասել: Գոնե Հայաստանի համար այդպիսիք, այսօրվա դրությամբ, բացակայում են: Փոխարենը ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրվել է ներմուծման եւ, հատկապես, արտահանման տեմպերի կատաստրոֆիկ անկում, տրանսֆերտների կիսով չափ կրճատում եւ այդ ամենի արդյունքում` գնողունակության աննախադեպ նվազում: Եվ Սերժ Սարգսյանին այդ ամենը քաջ հայտնի է: Այլ խնդիր է, որ Ռուսաստանին պատժամիջոցների բեռի տակ պահող երկրի` ԱՄՆ-ի հետ ժամեր առաջ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր ստորագրած Ս. Սարգսյանը պարտադրված էր ԵՏՄ-ի երեկվա նիստում խոսել հնարավորինս ոգեւորված եւ շահագրգիռ:
«ԵՏՄ-ն դառնում է առեւտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը Լատինական Ամերիկայից մինչեւ Ասիա: Տարբեր երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը»,-հայտարարեց Ս. Սարգսյանը, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն նաեւ հավանություն տալով առաջիկայում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ԵՏՄ համագործակցության ծրագրերին, ինչի մասին երեկ հայտարարեց Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը:
Սարգսյանն, իհարկե, հիշատակեց այլ պետությունների` Իրանի եւ Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին, սակայն եթե սկզբունքորեն կարեւորվում է «ԵՏՄ հետ համագործակցության աշխարհագրական արեալի ընդլայնումը», ինչի մասին նշեց Սարգսյանը, ապա կոնկրետ երկրների հետ ունեցած քաղաքական անհամաձայնությունները բացառապես տնտեսական շահերի սպասարկմանը կոչված միությունում դժվար թե հնարավոր լինի առաջիկայում օգտագործել որպես փաստարկ: Եվ այս համատեքստում կարելի է մտածել, որ կա՛մ Սերժ Սարգսյանն իսպառ չի հավատում ԵՏՄ-ի ապագային եւ այդ պատճառով իմաստ չի տեսնում ընդդիմանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, կա՛մ էլ նա արդեն այսօրվանից գիտակցում է, որ այդ գործընթացին հակազդելու զրոյական ռեսուրս ունի եւ գերադասում է դեմ չգնալ ընդհանուր հոսանքին` մտածելով դրանից հնարավոր օգուտներ քաղելու մասին: