Ղարաբաղի հարցում անսպասելի զարգացումների հավանականությունն էլ ավելի է աճում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 21-րդ տարին: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների ստորագրությամբ այս համաձայնագիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առայժմ միակ գործուն փաստաթուղթն է, որն անցած տարիների ընթացքում միջնորդներին այդպես էլ չհաջողվեց ամրապնդել նոր համաձայնագրերով: Ավելին` այսօր` Ադրբեջանին պարտադրված հրադադարից երկու տասնամյակ անց, մենք առավել քան երբեւէ կանգնած ենք պատերազմի վերսկսման վտանգի առջեւ: Համենայնդեպս, ադրբեջանական կողմի աննախադեպ կոշտացած հռետորաբանությունը, բանակցային սեղանին չվերադառնալու համառ դիրքորոշումն ու հատկապես անցած մեկ տարվա ընթացքում գրեթե չընդհատվող դիվերսիաներն ու սահմանային հարձակումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար այդ հրադադարը ուշքի գալու եվ ուժերը հավաքելու միջոց էր, որը կդադարի գործել ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի լայնամասշտաբ հարձակման:

Իսկ ինչ էր մեզ համար այդ հրադադարը, եւ ինչ արդյունքի հասավ հայկական կողմը անցած 21 տարվա ընթացքում: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Նախ` ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի օրոք Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության անմիջական կողմ, դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հետագա տարիներին` Քի Ուեսթից մինչեւ Ռամբուե եւ Կազան, հայոց դիվանագիտությանն այդպես էլ չհաջողվեց դույզն-ինչ ամրապնդել մեր` ի սկզբանե այդքան ամուր դիրքերը: Եվ դա մեծապես հետեւանքն էր նաեւ Հայաստանի ներսում ընթացող ինքնաքանդման գործընթացի, որի արդյունքում այսօր արդեն Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում (ինչի մասին ապրիլի 24-ին, ի միջի այլոց, հայտարարեց Վլադիմիր Պուտինը):

Մյուս կողմից էլ, սակայն, անցած 21 տարիներին հայկական կողմը, ի հեճուկս բոլոր մարտահրավերներին եւ դժվարություններին, կարողացել է պահպանել ստատուս քվոն եւ մեկ թիզ հող անգամ չզիջել: Ավելին՝ հատկապես անցած օգոստոսին անխուսափելի թվացող պատերազմի վտանգը ցույց տվեց, որ չնայած առկա սոցիալական դժվարություններին եւ քաղաքական տարաձայնություններին, մենք դեռեւս կարող ենք ազգովի միասնական լինել համընդհանուր վտանգի պահին: Թերեւս սա է այն ամենակարեւոր որակը, որը մենք չենք կորցրել անցած 21 տարիներին եւ որի շնորհիվ էլ պիտի կարողանանք մեր հաղթանակը դիվանագիտորեն ամրագրել:

Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ միջազգային իրավունքի` անբեկանելի թվացող նորմերն են խարխլվում, երբ վերախմբագրվում են անվիճարկելի թվացող ճշմարտություններն, ու աշխարհը թեւակոխում է գերարագ տրանսֆորմացիաների փուլ, Ղարաբաղի հարցում անսպասելի զարգացումների հավանականությունն էլ ավելի է աճում: Առջեւում մարտահրավերների, բայց եւ հնարավորությունների բարդ ժամանակաշրջան է:




Լրահոս