Դատապարտյալները դիմում են Պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Նուբարաշեն” ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել: Կալանավորներից մեկին՝ Արթուր Խաչատրյանին, տեսնել չի հաջողվել, քանի որ նա այդ պահին գտնվում էր դատական նիստի:
Դիմումներից մեկի համաձայն՝ դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն “Սևան” կամ “Հրազդան” ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող տեսակցել վերջինս “Նուբարաշեն” ՔԿՀ-ում:
Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմում հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Հայտնենք, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ, ինչի կապակցությամբ կալանավորը հայտնել է, որ նա ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը:
Իսկ դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխելու հարցում, քանի որ վերջինս վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը, իրեն վտանգ է սպառնում: Պաշտպանին ուղղված երեք դիմումները գտնվում են քննարկման փուլում:




Լրահոս