Հանրության վրդովմունքը իշխանական օլիգարխների հանդե՞պ է ավելի մեծ, թե՞ դավաճանող ընդդիմադիր «փրկիչների». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում հավաքված մի խումբ ակտիվիստներ երեկ իրենց բողոքի ձայնն էին փորձում հասցնել իշխանություններին` էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման կապակցությամբ: Ակտիվիստների խումբը, ցավոք, մեծ չէր, եւ դրանում բացակայում էին հանրությանը հայտնի քաղաքական դեմքերը: Մի իրողություն, որը պիտի որ տարօրինակ համարվեր պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որի իշխանությունները տարին մեկ, անհեթեթ հիմնավորումներով, երեսուն տոկոսով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագինը:

Հայաստանում, սակայն, դա տարօրինակ չի դիտվում, քանզի մեր քաղաքական ուժերը, չգիտես ինչու, չեն սիրում սոցիալական խնդիրների համար պայքարել: Ո՛չ էլեներգիայի անցած տարվա թանկացումների ժամանակ, ո՛չ կուտակային կենսաթոշակային համակարգի, ո՛չ էլ դրանից առաջ մայրաքաղաքի տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում քաղաքական ուժերն ու գործիչները տեսանելի դերակատարություն չունեցան: Բոլոր այս դեպքերում հանրությունն ինքնակազմակերպվեց եւ տարավ իր համակարգված պայքարը: Ընդ որում, կոնկրետ տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում հաջողություն գրանցվեց հենց այն պատճառով, որ այդ շարժումը ապաքաղաքականացված էր: Իսկ, ահա, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն, ի վերջո, չհասավ իր նպատակին, քանի որ ինչ-որ մի փուլից սկսած` այն քաղաքականացվեց եւ ծառայեցվեց այս կամ այն ուժի շահերին:

Այն, որ Հայաստանում քաղաքական ուժերն ապրում են բացառապես իրենց նեղ շահերով, վաղուց արդեն գաղտնիք չէ: Սակայն հատկապես քաղաքական դաշտի ներկայիս ամայության պայմաններում թվում էր, թե իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը սոցիալական այս խնդիրը պետք է օգտագործեին իրենց քաղաքական ռեանիմացիայի համար եւ փորձեին մոբիլիզացնել արդեն իրապես անելանելի վիճակի մեջ հայտնվող հանրությանը: Սակայն մենք տեսնում ենք, որ այս օրերին ո՛չ հին, ո՛չ առավել եւս հնամաշ եւ ո՛չ էլ նորաստեղծ քաղաքական ուժերը չեն խոսում էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մեկը ամիսներ անց հանկարծ հիշել է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, եւ հիմա, այսպես ասած, «քաղբանտարկյալների» թեմայի մեջ է, մյուսը երկու ամսով վերցրած «թայմ աութի» ավարտից հետո մտածում է, թե հիմա ինչ հարմար պատճառ ներկայացնի սեփական անգործության հիմնավորման համար, երրորդը շատ լավ գիտակցում է, որ հանրությունն իրեն որպես ընդդիմություն չի ընկալում եւ այլեւս երբեք չի էլ ընկալելու, իսկ չորրորդն էլ փետրվարի կեսերից շարունակվող կլինիկական մահվան ցիկլից դուրս չի գալիս:

Եվ այս իրավիճակում դժվար է ասել` հանրության վրդովմունքը Հայաստանը ֆեոդալապետության վերածող իշխանական օլիգարխների հանդե՞պ է ավելի մեծ, թե՞ իրեն հերթական անգամ դավաճանող եւ հուսախաբ անող ընդդիմադիր «փրկիչների»:




Լրահոս