Ընտանիքի օրվա առթիվ ԱԺ նախագահն ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Ընտանիքը մեզանում կարևորվում է ոչ թե ձևի, այլ բովանդակության, էության և նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է և մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել: Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող, ուստի և կարողանում ենք հաջողությամբ համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը՝ ընտանիքը մշտապես համարելով և ընդունելով ազգապահպանության կարևորագույն գործոն: Նրա առաքելությունը առանձնահատուկ է եղել ինչպես մեր պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, որն առավելագույնս է արժևորվում ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության կողմից, որովհետև որքան շատ լինեն երջանիկ, ներդաշնակ և բարեկեցիկ ընտանիքները, այնքան ուժեղ կլինեն պետությունն ու հասարակությունը:
Սիրելի հայրենակիցներ, այս լուսավոր տոնը վերստին հաստատում և ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում, մասնավորապես, սեր հայրենիքի և հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն, սրտաբացություն: Ընտանիքի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, հատկապես բազմանդամ ընտանիքներին և այն օջախներին, որտեղ գորովանքի և հոգատարության մթնոլորտում որդեգրված երեխաներ են մեծանում: Անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն համերաշխությունը, փոխըմբռնումը և սերը»: