ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԲՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ն դեռեւս շարունակում է հույս փայփայել, որ ԲՀԿ-ն նախագահի ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, ՀՀԿ ԳՄ անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը չի բացառում, որ առաջիկայում Ս. Սարգսյանին սատարելու մասին նոր հուշագիր ստորագրվի: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տ. Սարգսյանը մի քանի հստակ ուղերձ հղեց ԲՀԿ-ին: 
Նախ՝ նա հայտարարեց, թե նախագահի ընտրություններից առաջ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները. “Փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են գործող նախագահին։ Այս պահին որեւէ այլ փաստաթուղթ կամ նախագիծ, որը քննարկվում է, մասնավորապես ՀՀԿ-ում, մենք չունենք։ Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում: Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել”: 
Իսկ մինչ այդ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այլեւս չկա նախկին կոալիցիան, որը ստորագրել էր փետրվարյան հայտարարությունը, հետեւաբար ԲՀԿ-ի ստորագրությունը կորցրել է ուժը: Լրագրողների այս հիշեցմանն ի պատասխան՝ վարչապետն արձագանքեց. “Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել”։
Տ. Սարգսյանի ակնարկները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին. նա հաստատեց լուրերը, որ իշխանական վերնախավում քննարկվում է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցը, նաեւ ցանկանում են Սահմանադրության մեջ առանձնացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ որպես առանձին միավոր: Ըստ քաղաքական շրջանակներում քննարկվող սցենարների՝ նման առանձին պաշտոն է ստեղծվում՝ այն ԲՀԿ-ին զիջելու, այդպես նրան կոալիցիա վերադարձնելու համար:
Տ. Սարգսյանի հաջորդ ակնարկ էլ վերաբերում էր նախկինում ԲՀԿ-ականների կողմից ղեկավարված նախարարություններում հայտնաբերված չարաշահումներին: Ճիշտ է, վարչապետը լրագրողներին համոզում էր, թե այդ ստուգումները քաղաքական ենթատեքստ չունեն: Սակայն նաեւ ակնարկեց, որ չարաշահումների համար մեղավորները պետք է պատասխան տան, ընդհուպ մինչեւ ազատազրկվեն. “Որեւէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա: Բյուջեի զգալի մասն ուղղվում է սոցիալական, քաղաքաշինական, առողջապահական ոլորտներին, այնպես որ բնական է, որ ստուգումներ են լինում: Մենք քաղաքական գործիչների նկատմամբ պատիժներ սահմանելու նպատակ չունենք։ Մեր նպատակն է բացահայտել այդ գործընթացներում տեղի ունեցած թերություններն ու պատժել մեղավորներին”:
Բայց նկատենք, որ լինելով կառավարության ղեկավարը՝ Տ. Սարգսյանը եւս պատասխանատվություն է կրում նախարարություններում տեղի ունեցող կոռուպցիոն երեւույթների համար: Ավելին, զարգացած երկրներում նման բացահայտումներից հետո հրաժարական են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ մինչեւ նախարարներ ու վարչապետեր: Այնինչ մեր երկրում իրավիճակը բոլորովին այլ է. այստեղ մեղավոր են անխտիր բոլորը, բացի Սերժ եւ Տիգրան Սարգսյաններից: Ավելին, հաճախ նրանք նույնիսկ տեղյակ չեն լինում երկրում տիրող համատարած կոռուպցիայի մասին եւ “հրաշքով” այդ մասին իմանում են միայն այս կամ այն ընտրություններից առաջ: Ու քանի որ նախագահի ընտրություններից առաջ Ս. Սարգսյանը, ի վերջո, իմացել էր տարիներ շարունակ երկրում տիրող կոռուպցիայի մասին, խորհրդակցության ժամանակ քննադատել վարչապետին, նրա կառավարության գործունեությունը գնահատել “շատ բացասական”, երեկ Տ. Սարգսյանին հարցրինք՝ արդյոք այսքանից հետո ավելի ճիշտ չէր լինի հրաժարական ներկայացնել: Պարզվեց՝ ոչ: Ճիշտ է, Տ. Սարգսյանը համաձայնեց այդ քննադատության հետ, միայն թե, ըստ նրա, դժգոհությունը վերաբերել է գնումների ոլորտին, այլ ոչ թե կառավարության ընդհանուր գործունեությանը: Ավելին, այդպես Ս. Սարգսյանն իրեն քարտ բլանշ է տվել՝ գնումների բնագավառում կարգուկանոն հաստատելու համար:
Տ. Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանությունների համար “Ժողովուրդ”-ը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ դիրքորոշումը կներկայացնեն այն ժամանակ, երբ իրենք հարմար կգտնեն. “Հնարավոր հուշագրերի վերաբերյալ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները ես չեմ ցանկանում մեկնաբանել: Ինձ նման մտադրություններ հայտնի չենե: Ինչ վերաբերում է նախկին կոալիցիոն ուժերի փետրվարյան հայտարարության տակ ԲՀԿ-ի ստորագրությունն անվավեր լինելու մասին վարչապետի խոսքերին, թե ինքը Գ. Ծառուկյանից որեւէ նման հայտարարություն չի լսել, Ն. Զոհրաբյանը հակադարձեց. “Ինձ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիա հայտնի չէ: Դրանով ամեն ինչ ասված է”:
Հ.Գ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախագահական ընտրությունների մասին “Ազատություն” ռ/կ-ի հարցին ի պատասխան, ասել է. “Պարոն Ծառուկյանը կպատասխանի բոլոր հարցերին, երբ ժամանակը գա”: Փաստորեն, ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ շարունակում է լռություն պահպանել, եւ նրա փոխարեն խոսում են այլ քաղաքական ուժեր՝ ակնարկելով հին ու նոր հուշագրերի մասին:
 ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 24.10.12.




Լրահոս