Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնում տեղակայված “Լեգատում” վերլուծական հաստատության պատրաստած զեկույցները փոխանցվում են որեւէ երկրում մասնաճյուղ բացելու մտադրություն ունեցող ընկերություններին, ինչպես նաեւ միջազգային հետազոտական հաստատություններին։
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ, այս տարվա զեկույցում ընդգրկված է 142 պետություն, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 96 տոկոսը եւ արտադրվում է աշխարհի համախառն արդյունքի 99 տոկոսը։
“Լեգատում”-ի վերլուծաբանները ցուցիչը կազմելիս հաշվի են առնում 8 գործոն` տնտեսություն, գործարարություն, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն եւ սոցիալական կապիտալ։
Զեկույցում պետությունները դասվել են չորս կարգի` բարգավաճության բարձր, միջինից բարձր, միջինից ցածր եւ ցածր աստիճան։
Հայաստանը այդ ցուցիչով միջինից ցածր կարգում է եւ 142 պետությունների ընդհանուր ցանկում գրավել է 98-րդ տեղը։
Հայաստանի տնտեսությունն աշխարհում 129-րդն է։ Սա նշանակում է, որ 128 երկներում ավելի արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականություն է, զարգացում եւ ֆինանսական սեկտորի արդյունավետություն։
Գործարարության ենթացուցիչը “Լեգատում”-ը կազմում է` հիմք առնելով գործարարի համար ստեղծված պայմանները, նրան տրվող հնարավորությունները։ Այս հարցում Հայաստանը 81-րդ երկիրն է։
Կառավարումը ենթադրում է պատասխանատու կառավարություն, արդար ընտրություններ, քաղաքական մասնակցություն եւ օրենքի գերակայություն։ Այդ ենթացուցիչով Հայաստանն աշխարհում 97-րդն է։
Առողջապահությամբ Հայաստանը 98-րդն է, մինչդեռ կրթությամբ, որը հաշվի է առնում կրթության մատչելիությունը, որակը եւ մարդկային կապիտալը, բավական բարձր` 44-րդ տեղում է։
Համեմատաբար բարվոք է համարվել նաեւ անվտանգությունը, որը որոշվում է պետության եւ անձի անվտանգությամբ. այդ ենթացուցիչով Հայաստանը 61-րդն է։
Ամենավատ ցուցանիշները վերաբերում են անձնական ազատությանը եւ սոցիալական կապիտալին. այդ բնագավառներում երկիրը գրավել է 122-րդ եւ 124-րդ տեղերը։
Անձնական ազատության ցուցիչը որոշվում է երկու հանգամանքով` անձի ազատություն եւ հանրային հանդուրժողականություն։
Սոցիալական կապիտալը վերաբերում է բնակչության ակտիվությանը, ներգրավվածությանը բարեգործությանը, ընտանիքների մասնակցությանը համայնքային կյանքին։
Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը եւ Վրաստանը փոքր-ինչ ավելի լավ վիճակում են եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ եւ 95-րդ տեղերը, Թուրքիան 89-րդն է, Իրանը` 102-րդը։
Բարգավաճության աստիճանով ամենավատ վիճակում են Աֆղանստանը, Կոնգոն եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։
Դե իսկ ամենաբարգավաճ երկրների առաջին եռյակում են Նորվեգիան, Դանիա եւ Շվեդիան։




Լրահոս