ՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Առաջին լրատվականի հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով համաներման թեմային, ասել էր, թե իր կանխավարկածն այն է, որ համաներում չկա ու չի լինելու. «Համաներման մասին այսպիսի սկզբունք կարելի է ընդունել՝ քանի դեռ դրա մասին չկա հայտարարություն, ապա կանխավարկածն այն է, որ համաներում չկա ու չի լինելու»:

Մինչդեռ արդեն մի քանի ամիս է, ինչ ողջ Հայաստանում լուրեր են պտտվում, որ համաներում կլինի: Ի՞նչը խանգարեց Ս. Սարգսյանին՝ համաներում հայտարարել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:
-Իրականում համաներումը մեկօրյա գործողություն չէ, այսինքն` ցուցակներ են հավաքվում, կոնկրետ որոշվում է համաներման տեքստը, քանի հոգի պետք է ազատվեն եւ այլն: Սակայն մինչ օրս համաներում չկա, եւ եթե արդեն ասվում է, որ համաներում չի լինելու, ապա անհասկանալի է: Ճիշտն ասած, իշխանությունների կողմից շատ անտրամաբանական գործողություններ են կատարվում, եւ սա առաջին դեպքը չէ: Որեւէ տրամաբանությամբ հնարավոր չէ ուղղակի եզրահանգումներ անել, թե ինչո՞ւ արվեց կամ ինչո՞ւ չարվեց: Եթե չէր նախատեսվում համաներում անել, ապա որոշակի նախապատրաստական գործողությունները եւս չպետք է անեին, եթե կային արդեն նախապատրաստական գործողությունները, ապա պետք է լիներ նաեւ համաներումը: Բացառված չէ, որ հետագայում պարզենք՝ որեւէ մեկի ազատ արձակումը իշխանությունների համար ցանկալի չէր, դրա համար էլ համաներում չեն անում: Իսկ այսօրվա դրությամբ ասել, թե ինչո՞ւ չի լինում, կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը իշխանությունները իրենք էլ չունեն:
-Իսկ Դուք՝ որպես փաստաբան, ի՞նչ եք կարծում՝ կա՞ համաներում հայտարարելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:
-Մենք արդեն նշել ենք, որ Հայաստանի պես երկրի համար այսպիսի պարբերականությամբ համաներումները ուղղակի անընդունելի են: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, թե ՀՀ-ում դատարանները ինչպիսի վիճակում են, անկախ չեն, ապօրինի դատական ակտերի հետեւանքով մարդիկ հայտնվում են անազատության մեջ, այսօր մեկուսարանները ծանրաբեռնված վիճակում են, ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի լինի համաներում: Այսինքն՝ իշխանությունները գոնե փոխեն իրավիճակը, որպեսզի անձինք համատարած չհայտնվեն մեկուսարաններում, իրենք որոշում են պարբերաբար երկու տարին մեկ համաներում հայտարարել՝ իրավիճակը մեղմելու համար: Այսօր մեկուսարանները այնպիսի վիճակում են, որ 8 հոգու համար նախատեսված խցում պահվում են կրկնապատիկ, որոշ խցերում նույնիսկ՝ եռապատիկ անձինք: Նման իրավիճակը միանշանակորեն հանգեցնում է կոնվենցիայի 3 հոդվածի խախտմանը, եւ եթե պետությունը չի պատրաստվում պատասխանատվություն կրել խախտում թույլ տալու համար, ապա գոնե համաներման տեքստով պետք է ազատի, որպեսզի մեկուսարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծվի: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ չի կիրառվում, քանի որ նախապատրաստական բոլոր աշխատանքները տարվել էին: Ավելին՝ մենք գիտեինք, որ կաթողիկոսը դիմել էր, որպեսզի կիրառվեր համաներումը: Ու չեմ կարծում, որ կաթողիկոսը ինքնուրույն է որոշում՝ ինչ խնդրանքով պետք է դիմի իշխանություններին, քանի որ սովորաբար նման միջնորդությունները համաձայնեցված են լինում:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյան:
-Պարո՛ն Դանիելյան, ինչո՞ւ հերթական անգամ իշխանությունները հուսախաբ արեցին հասարակությանը, եւ համաներման նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո, այնուամենայնիվ, համաներում չհայտարարվեց:
-Նախ՝ որեւէ մեկը չի կարող հաստապես ասել, այս շրջանում կհայտարարվի համաներում, թե ոչ: Ես ինքս եւս չեմ կարող պնդել, եւ, վերջին հաշվով, դա մեկ մարդու որոշելիքն է՝ միայն հանրապետության նախագահը կարող է առաջարկությամբ դիմել խորհրդարան, իսկ մյուսները կարող են տեսակետ հայտնել, այդ թվում՝ հայտարարման հավանականության առնչությամբ: Երկրորդը` հուսախաբ անել եզրույթը, ճիշտն ասած, հիմնավորված չէ, այդպիսի գնահատական տալը տեղին չէ, համաներման համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական լուրջ հիմքեր: Եթե համաներումն առանձին իրադարձությունների հետ փոխկապակցում են, դա չի նշանակում, որ այդ իրադարձությունն ինքնին հիմք է՝ համաներում հայտարարելու համար, ուղղակի դա ընդունված ավանդույթ է: Որեւէ մեկը պաշտոնապես հայատարե՞լ է, որ կոնկրետ լինելու է համաներում, բայց չի եղել: Լրատվության միջոցները կարող են իրենց դիրքորոշումը հայտնել, բայց կլինի, թե ոչ, չենք կարող ասել, հիմքում ունենալով լրատվամիջոցների դիրքորոշումը՝ ո՛չ կարող եմ կռահել եւ ո՛չ էլ համարում եմ դա իմ խնդիրը:
-Ճիշտ է՝ պաշտոնապես չէր հայտարարվել համաներման մասին, սակայն այդ տեղեկությունների արտահոսքը եղավ հենց իշխանության կողմից, եւ լուրեր տարածվեցին, որ արդեն որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել: Բայց «սայլը տեղից չի շարժվում»:
-Որպեսզի կարողանամ Ձեզ պատասխան տալ, պետք է շատ լավ տիրապետեմ անհրաժեշտ տեղեկությանը, որին այս պահին, ցավոք, չեմ տիրապետում: Այսինքն՝ ես պետք է իմանամ այսօրվա քրեական քաղաքականության վիճակը, միտումները, դատապարտվածների քանակը եւ այլն: Մի քանի տասնյակի հասնող հարցադրումներ կան, որոնց պատասխանը միայն կարող է հուշել համաներման իրավաչափության մասին: Հարկ է դրանք վերլուծել եւ հանգել ճշգրիտ եզրահանգման՝ արդարադատության շահերին ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռություն ապահովելու նկատառումով: Իհարկե, հաշվի է առնվում նաեւ հասարակության կարծիքը, նաեւ տրամաբանական ակնկալիքը, բայց դա վճռորոշ դեր ունենալ չի կարող, ի վերջո, սա լուրջ քրեական քաղաքականության հետ կապված խնդիր է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԽՈՍՔԸ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Հարություն Համբարյանի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանն ասաց, որ միայն դրական բաներ է լսել զինվորի մասին եւ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 15:00-ի սահմաններում: Հարությունը իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հայրը՝ Հրայր Համբարյանը, վստահեցրել էր, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Ըստ հոր` կատարվածը կա՛մ սպանություն կարող է լինել, կա՛մ պատահականություն:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց մահացած զինվորի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանի հետ: Ըստ նրա՝ ինքը անձամբ չի ճանաչել Հարությունին, սակայն այս ընթացքում միայն դրական բաներ է լսել զինվորից. «Ես նոր եմ նշանակվել այս զորամասի հրամանատար, անձամբ չեմ ճանաչել զինվորին: Միայն կարող եմ ասել, որ իրավապահներն աշխատում են, կքննեն, ու բոլորին էլ պարզ կլինի, թե ինչ է եղել, ու դուք էլ կիմանաք»:
Հարցին, թե արդյոք հավանական է համարում այն, որ զինվորը կարող է ճակատից ինքնասպան լինել, հրամանատարը պատասխանեց. «Ես ամեն ինչին կարող եմ հավատալ կամ չհավատալ, դա ինչ կփոխի: Ես չեմ որոշողը, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Անդրադառնալով հարուցված քրեական գործի հատկանիշներին, թե տղային ինքնասպանության են հասցրել, Սամվել Գրիգորյանը նշեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ եթե ասեմ՝ չէ, չէին կարող զինվորին այդ վիճակին հասցնել, կամ ասեմ՝ կարող էին հասցնել, ու մեկ էլ հաջորդ օրը հակառակը լինի, սխալ կլինի իմ խոսելը, ուստի չեմ ուզում պատասխանել: Կրկնում եմ՝ իրավապահները զբաղվում են, դա իրենց գործն է»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՐ ՀԱՇՎԻՆ
Կառավարության նիստում երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նախարարությանը պետական բյուջեից 160 հազար եվրո գումար տրամադրելու մասին նախագիծ: Այդ գումարով փոխհատուցում է տրամադրվելու ՀՀ-ում կայացված այն վճիռների համար, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սխալ է ճանաչել: Ընդ որում, Մանուկյանը նշել է, որ բյուջեից փոխհատուցման տրամադրումն ուշացել է, ուստի Կառավարությունը տույժեր ու տուգանքներ եւս կվճարի` բոլոր գործերով ընդհանուր առմամբ առավելագույնը 150 հազար եվրոյի չափով: Նշենք, որ 2010թ. հունվարից մինչեւ այս տարվա մայիսի 1-ը ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 31 վճիռ է կայացրել, որոնցով բյուջեից փոխհատուցվել է մոտ 555,000 եվրոյին համարժեք դրամ:

 
ԴԻՄԱԴՐԵ՞Լ Է
Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով ստացվել են համալիր դատաբժշկական փորձաքննության տվյալները: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ¬փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ դատաբժշկական եւ գենետիկական փորձաքննության արդյունքները հետաքրքրական փաստեր են ի հայտ բերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաստաբանը մասնավորապես նշել է, որ ավագ Սերյոժա Ավետիսյանը, ըստ էության, պայքարել է: «Նրա վրա եղել են նաեւ քերծվածքներ, բութ գործիքով հարվածների հետքեր: Ինքնաձիգի փողի եւ խզակոթի վրա հայտնաբերվել է նրա արյան ԴՆԹ¬ն»,- հայտնել է Լուսինե Սահակյանը:

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Ազատության» փոխանցմամբ` մամուլում հրապարակված տեսանյութերի հիման վրա ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ նախագահականի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների եւ ոստիկանների միջեւ նախօրեին տեղի ունեցած միջադեպի փաստով։

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՊԵՏԸ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատակազմի նոր ղեկավար ունի: armlur.am-ի տեղեկացմամբ` այդ պաշտոնում նշանակվել է Մերուժան Հակոբյանը, ով նախկինում իրավաբանական վարչության պետն էր: Իսկ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գագիկ Մինասյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:




Լրահոս