ՍՈՂԱՆՔՆ ԱՆՏԵՍԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարության հետ կապված իրավիճակը պարզելու համար բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքը, ներկայացրել համապատասխան եզրակացություն: Այդ հանձնաժողովի անդամ, Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանի վկայությամբ՝ ռուսերենով տպագրված, համահեղինակությամբ լույս տեսած «Հայաստանի սողանքները» գրքում քարտեզ կա, որտեղ երեւում է, որ Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի (որի ջրերով պետք է գործեր «Խաչաղբյուր-2»-ը) ավազանում կան սողանքային կետեր: Գ. Աղբալյանը հեռախոսազրույց է ունեցել այդ քարտեզի հեղինակ, երկրահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանի հետ, որն ափսոսանք է հայտնել, որ նման նախագծեր իրականացնելուց առաջ չեն խորհրդակցում մասնագետների հետ՝ պարզելու, թե որ տարածքում ինչ սողանքներ կան: Ռ. Յադոյանն ասել է, որ «Խաչաղբյուր-2»-ի շինարարության աշխատանքները կակտիվացնեն այդ տարածքում գոյություն ունեցող սողանքային երեւույթները:
Նշենք, որ Գետահովիտ համայնքում 95 տուն գտնվում է սողանքային ակտիվ գոտում: Կառավարությունը սողանքի գոտում գտնվող տների տերերի բազմաթիվ նամակ-խնդրանքներին պատասխանել է, որ պետության կողմից նրանց աջակցություն կարող է ցուցաբերվել միայն 2013-2015թթ.: Մինչդեռ Գետահովտում արդեն կան փլուզված տներ, սողանքային երեւույթները ժամանակի ընթացքում ակտիվանում են: Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գ. Աղբալյանը հավելեց, որ իրենք Պաղ ջուր վտակի ավազանում սողանքային կետերի քարտեզն ուղարկել են բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին եւ «Մեգաէներջի» սեփական պատասխանատվությամբ ընկերության տնօրենին, որպեսզի այդ ընկերությունը սողանքային գոտում իզուր ծախսեր չկատարի:
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքաբելյանը 2012թ. հունիսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իրեն պատկանող «Խաչաղբյուր-2» հէկ-ը կառուցելու համար արտոնագիր ստացած ընկերության բաժնեմասերը վաճառի ՀՀ քաղաքացի Գեղամ Աղաջանյանին, եւ Քոքոբելյանն այդ վաճառքն իրականացրել է: Բնապահպանական կոպիտ խախտումներով անցկացված փորձաքննությամբ փոքր հէկ կառուցելու թույլտվություն են տվել մի մարդու, որն իրեն Հայաստանի իշխանություններին ընդդիմադիր է համարում, ավելին, նա ընդդիմադիր համարվող կուսակցության ղեկավարն է: Հիրավի այսպիսի բան միայն Հայաստանում է հնարավոր:
Հ.Գ. Երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012թ. օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս