Ադրբեջանում կարծես թե սկսել են հասկանալ, որ հայր եւ որդի Ալիեւների պաշտամունքը քաղաքակիրթ աշխարհում լավ չի ընկալվում, եւ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախաշեմին փորձում են ձերբազատվել սուլթանական ատրիբուտիկայից: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս օրերին քաղաքային իշխանությունները համատարած կերպով Բաքվի փողոցներից հանում են հայր եւ որդի Ալիեւների նկարները, ապամոնտաժվում են նաեւ ստորգետնյա անցումներում ոսկյա եւ բրոնզե տառերով գրված ալիեւական «իմաստություններից» մեջբերումները։
Դժվար է ասել՝ սպորտային այս միջոցառումից հետո, երբ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հարյուրավոր լրագրողներն ու պատվիրակությունները կհեռանան, արդյո՞ք ալիեւների կիսադեմերն ու մտքի «գոհարները» դարձյալ կհեղեղեն Բաքվի փողոցները, սակայն արդեն իսկ այն փաստը, որ քաղաքային իշխանությունների «դուխը» հերիքել է, թեկուզ ժամանակավոր, դիպչել ազերիների սրբության սրբոցին` Հեյդար «բաբային», աննախադեպ է:
Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը բողոքի նոտաներ էր շաղ տալիս կամ անգամ իր դեսպանին կանչում ետ` միայն այն բանի համար, որ այս կամ այն երկրում, օրինակ՝ Արգենտինայում կամ Կանադայում, Հեյդարի արձանը ապամոնտաժվում էր կամ էլ նախատեսված վայրում չէր կանգնեցվում:
Հայաստանում, փառք Աստծո, առայժմ անձի պաշտամունքի նման անհեթեթ դրսեւորումներ չկան, որեւէ մեկի նկարները կամ արձանները կանգնեցված չեն, եւ, առհասարակ, այս հարցում դժվար է զուգահեռներ տանել: Սակայն դա դեռ չի նշանակում, թե մեր իշխանությունները չունեն նման ցանկություն: Իրականում լավ էլ ունեն, պարզապես իրավիճակներն ու իշխանության գալու ճանապարհներն են տարբեր: Եւ ամենակարեւորը` ժողովրդի մտածողությունն է ուրիշ, մենք թագավոր չսիրող ազգ ենք. 600 տարի պետություն չունեցած, տեղական իշխանիկների ու բդեշխների տիրապետության տակ ապրած ժողովուրդ ենք:
Դրա համար էլ մեր իշխանությունները ֆեոդալապետության կառուցումը սկսում են լոկալ` քաղաքային եւ մարզային մակարդակներից` տեղական իշխանիկների եւ բդեշխների` մեր ժողովրդի մտածողությանն ավելի մոտ ֆեոդալական ինստիտուտների ամրապնդումից: Եվ դատելով Սյունիքի մարզի, Աբովյանի, Արտաշատի եւ Էջմիածնի փորձից` դա բավականին հաջող ստացվում է, համենայն դեպս, հանրությունն ու քաղաքական ուժերը գրեթե զրոյական հակազդեցություն են ցուցաբերում:
Եվ եթե հարցին մոտենանք ըստ էության, ապա դժվար է ասել, թե որն է տարբերությունը տեղական իշխանիկների` արդեն հորից որդուն, կամ աներոջից փեսային փոխանցվող այս համակարգի եւ հորից որդուն փոխանցվող հսկայական սուլթանատի միջեւ: Բովանդակային առումով նույն բանն է, ընդամենը մասշտաբներն են տարբեր: