«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԷՐ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` մեր շոու-բիզնեսի վառ կերպարներից մեկը` Ռիփփին, չի երեւում էկրաններին. նա իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է նրա ռուսական կենսակերպի մասին: Ռիփփին նշել է, որ Հայաստանից դուրս ամեն բան շատ ավելի հեշտ է իր համար: Նա անդրադարձել է նաեւ իր բարդ բնավորությանը` կարծիք հայտնելով, որ այն շատ հարցերում իրեն օգնում է:

-Ռիփփի՛, երկրպագուներին հետաքրքրում է` Ձեզ հայկական էկրանին էլի՞ կտեսնենք: Հիմա Մոսկվայում ինչո՞վ եք զբաղված:
-Կարծում եմ` որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական հեռուստատեսությունը բարձր վարկանիշ չունի, այնպես որ, հայկական էկրանին երեւալու ուղղությամբ որեւէ բան անելն անիմաստ եմ համարում: Իսկ Ռուսաստանում զբաղվում եմ երգելով, ելույթ եմ ունենում ռուսական r & b երեկույթների ընթացքում: Տեղեկացնեմ նաեւ, որ նկարահանվել եմ մի քանի գեղարվեստական ֆիլմերում, կատարել եմ էպիզոդիկ դերեր, դրանից մեկում, օրինակ, խաղացել եմ քարտուղարուհու դեր:
-Իսկ ռուսական միջավայրին, կենսակերպին հարմարվե՞լ եք, Հայաստանը չե՞ք կարոտում:
-Այո՛, իհարկե, կարոտում եմ նախ` ինձ համար թանկ էակներին, եւ հետո, ինչպես գիտեք, ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ուստի կարոտում եմ Հայաստանի մրգերը, բանջարեղենը եւ այլն… Իսկ ռուսաստանյան կյանքին շատ հեշտ հարմարվեցի եւ սիրեցի այդ երկիրը:
-Եթե Հայաստանում Ձեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում ճանաչում ստանալ, ապա Ռուսաստանում, թերեւս, նույնին հասնելն ավելի բարդ է. դրա համար Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ:
-Հայաստանից դուրս ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ինձ համար, ինձ անհրաժեշտ է այն ամենը, ինչ ես ունեմ, իսկ ուրիշների մասին չեմ կարող խոսել:
-Մի առիթով նշել եք, որ բարդ եւ փակ բնավորություն ունեք. այս հանգամանքը որքանո՞վ է օգնում եւ որքանո՞վ է վնասում Ձեզ:
-Շատ հարցերում օգնում է, կարծում եմ` չի խանգարում:
-Մարդկային ո՞ր տեսակների հետ չեք կարող ընկերանալ:
-Ժլատ, անհավատ, փոքրոգի, նեղացկոտ, տգետ տեսակների, կարծում եմ` ամենամեծ չարիքը ծնում են հենց տգետ մարդիկ:
-Ձեր արտաքինը շատերը համարում են կատարյալ, ոմանք էլ ասում են, որ յուրահատուկ շարմ ունեք. ըստ Ձեզ՝ ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը:
-Այդ հարցում շատ մեծ նշանակություն ունի մարդու ներքին հոգեվիճակը, քանի որ հենց դա է արտացոլվում նրա դեմքին: Շատ կարեւոր եմ համարում հոգու մաքրությունը: Թերեւս, գիտեք, որ ես տարված եմ տիբեթյան ուսմունքով, իհարկե, չեմ կարող մանրամասնել մեդիտացիաների մասին, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ամեն բացասական էմոցիա, միտք, արարք շատ մեծ ազդեցություն է ունենում մարդու արտաքինի վրա եւ ոչ միայն:
-Նշել եք, որ պլաստիկ վիրահատության երբեւէ չեք դիմի. ինքներդ հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ:
-Այո՛, սիրում եմ իմ արտաքինը. նույնիսկ հոնքերիս ձեւը, մազերիս գույնը մանուկ հասակից չի փոխվել. չեմ սիրում արհեստական ոչինչ, հատկապես, երբ «արհեստական» դառնում են ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ ընկնում են նորաձեւության ետեւից: Երբ Մոսկվայում էի, մի ռեժիսոր նկարահանման ժամանակ ինձ ասաց` շնորհակալ եմ, որ հավատարիմ ես ինքդ քեզ, յուրահատուկ ես եւ ինդիվիդուալ, ստանդարտները հիմա խեղդում են անհատականությունը. այն կորել է:
-Ռիփփի՛, հետաքրքիր է` տղամարդու ո՞ր տեսակը չեք հանդուրժի Ձեր կողքին, ունե՞ք բնավորության նախընտրած գծեր:
-Կարծում եմ, որ այս դարում կնոջը տրված են շատ-շատ մեծ հնարավորություններ, այսինքն` կինը կարող է ամեն ինչ: Ինքս շատ ուժեղ եմ ինձ համարում եւ չեմ ուզենա թույլ որեւէ մեկին տեսնել իմ կողքին: Այս դարում տղամարդը շատ ավելին պետք է անի` սիրած կնոջը հասնելու համար, քան երբեւէ:
-Եվ վերջում` Ձեր առջեւ դրված ի՞նչ նպատակներ ունեք եւ ի՞նչ կասեք Ձեր երկրպագուներին, ովքեր Ձեզանից նորություն են ակնկալում:
-Նպատակները գաղտնիք են, չեմ ցանկանում այս պահին այդ մասին խոսել: Իսկ երկրպագուներին, ովքեր սիրում են ինձ, շատ շնորհակալ եմ, սերը միշտ վերադառնում է, ուստի ես էլ նրանց եմ սիրում…

 

 

 

 
«ԳՐԻՉԸ ՄԻԱՅՆ ԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ»

«Գրիչը միայն գրելու համար չէ». այս կարգախոսով է առաջնորդվում նկարիչ Վարդան Հովակիմյանը, ով իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում մայիսի 14-ին այցելուներին ներկայացրեց դիմանկարներ, որոնք նկարել է գրիչով:

«Ես ուզում եմ ցույց տալ, որ գրիչով կարելի է նաեւ ստեղծագործել, նկարել, եթե պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի: Մեզ մոտ սա նորություն է. գրեթե բոլոր ցուցահանդեսներում կարելի է հանդիպել յուղաներկով, ջրաներկով նկարված նկարների»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Վ. Հովակիմյանը, ով, ի դեպ, մասնագիտությամբ դերասան է: Նրա խոսքով` նկարչությունն իր համար հոբբի է, միեւնույն ժամանակ` մշտական ուղեկից:
Ցուցադրվող դիմանկարներում կարելի է նկատել ընդգծված աչքեր եւ ձեռքեր. «Ես ուզեցել եմ մարդու աչքերի միջոցով ցույց տալ նրա հոգին, ձեռքերի միջոցով` նրա կատարած աշխատանքը»,-ներկայացրեց նկարիչը:
Այցելուները դիմանկարների շարքում կարող են գտնել իրենց ծանոթ հայ եւ այլազգի նշանավոր դեմքերի` Փարաջանով, Կարեն Ջանիբեկյան, Լուի դը Ֆյունես, Ադրեանո Չելենտանո…
Ցուցահանդեսում տեղ են գտել նաեւ Ցեղասպանության թեմայով նկարներ. «Ես չէի կարող չանդրադառնալ այդ թեմային, սիրով նկարներիցս մեկը նվիրելու եմ Հայոց ցեղասպանության թանգարանին»,-տեղեկացրեց Վ. Հովակիմյանը:
«Ցուցահանդեսում ներկայացված է 50 գործ, սակայն ես բախտ եմ ունեցել ծանոթանալու Վարդանի մյուս նկարներին եւս, եւ նրա ձեռագիրն ինձ շատ հոգեհարազատ է: Ցնցված եմ հատկապես Փարաջանովի, Ազնավուրի դիմանկարներով»,- մեզ հետ զրույցում նշեց ցուցահանդեսի այցելուներից մեկը` Արսեն Հովհաննիսյանը:
Մեկ այլ այցելու էլ` Հայկ Հովակիմյանը, նկատեց, որ գրչանկարչությունը ստեղծագործական նոր մոտեցում է Հայաստանում. «Վարդանը կարողացել է գրիչով ներկայացնել հոգեվիճակ: Կարծում եմ` ծնվել է նոր նկարիչ` նոր ոճով»,- ասաց նա:
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Վ. Հովակիմյանը նշեց, որ ինքն ուզում է «շոկաթերապիա» անցկացնել այցելուների հետ, քաղաքականացված առօրյայից նրանց տեղափոխել ուրիշ աշխարհ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄԱՀԱՑԵԼ Է ԲԻ ԲԻ ՔԻՆԳԸ
Լաս Վեգասում 89 տարեկան հասակում մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը: Ավելի վաղ լեգենդար բլյուզ-երաժիշտը տեղափոխվել էր հիվանդանոց` շաքարային դիաբետի սրացման պատճառով:
Նշենք, որ Բի Բի Քինգին մեծ ճանաչում են բերել այնպիսի համաշխարհային հիթեր, ինչպիսիք են «3 O՚Clock Blues»-ը, «The Thrill Is Gone»-ը, «Every Day I Have The Blues»-ը եւ այլն:
Ի դեպ, Բի Բի Քինգն այն առաջին արտիստներից է, ով 1987 թ. ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահ-թանգարանում:

 

ԷՄՄԻՆ ՀՂԻ Է
Էմմիի ամուսնության մասին լրատվամիջոցներն արդեն գրել են: Երգչուհին մայիսի 2-ին հայտնեց, որ ամիսներ առաջ օրինականացրել է հարաբերությունները եւ անչափ երջանիկ է սիրելիի կողքին:
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ երգչուհին հղի է: Խոսակցությունները թեժացան «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունից հետո, որին նա ներկայացել էր որովայնը թաքցնող զգեստով: Այժմ BRAVO.am-ը հայտնում է, որ Էմմին իսկապես պատրաստվում է առաջին անգամ մայրանալ:

 

ՆՈՐ ՎԱՐԿԱԾ
Մերիլին Մոնրոն կյանքից հեռացել է 1962-ին, սակայն անգամ իր խորհրդավոր մահվանից հետո դերասանուհու անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: «Բացահայտում. Մոնրոյի վերջին ժամերը» փաստագրական ֆիլմի անձնակազմը առաջ է քաշել նրա մահվան վերաբերյալ նոր վարկած: Ֆիլմը, որը հեռարձակվել է մեծ Բրիտանիայում, պատմում է բժիշկ Ռիչարդ Շեպարդի իրականացրած հետազոտության մասին եւ տեղեկացնում, որ Մոնրոյին իր բուժող բժիշկը մահացու չափաբաժնով քնաբերի կոկտեյլ է առաջարկել: Շեպարդն անգամ պնդել է, որ Մոնրոյին բուժող բժիշկը ստել է նաեւ դատարանում` կոնկրետ փաստերով չխոսելով հաբերի այն քանակի մասին, որն ինքը նշանակել էր, եւ որոնք միասին ընդունելու դեպքում կարող էին հանգեցնել ողբերգական ելքի:
Ֆիլմում ներկայացվում է, որ Մոնրոն, ընդունելով հաբերը, վերջին պահին ցանկացել է օգնություն կանչել, սակայն ուշագնաց է եղել: Նշվում է նաեւ, որ աստղը տառապել է անքնությունից:




Լրահոս