ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԳԼՈՒԽԸ ՑԱՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովների անդամ պատգամավորները հոկտեմբերի 26-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են կալանքի մեջ գտնվող Վազգեն Խաչիկյանին, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Նաիրի Հունանյանի խուց են մտել միայն տղամարդ պատգամավորները, որոնց թվում է եղել նաեւ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Զրուցեցինք վերջինիս հետ՝ պարզելու, թե ինչու էին նրանք «կարոտել» 1999-ին ՀՀ ԱԺ-ում մեր երկրի ղեկավարներին գնդակահարած հանցագործ խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին:
-Մենք բոլորի խուցն էլ մտել ենք, ոչ թե միայն Նաիրի Հունանյանի խուցը:
-Բայց ինչո՞ւ որոշեցիք նաեւ նրա խուցը մտնել:
-Մենք բոլոր տեղերում էլ նայել ենք, մենք բոլոր խցերն էլ նայել ենք: Կոնկրետ Նաիրի Հունանյանը չի եղել: Խուցը բացել ու նոր ենք իմացել, որ Նաիրի Հունանյանն է: Նենց չի, որ կոնկրետ իմացել ենք՝ դա հենց նրա խուցն է: Այնտեղ նոր պարզել ենք, որ խցում Նաիրի Հունանյանն է նստած:
-Այսինքն՝ բողոք եք ստացել այդ խցից, դրա՞ համար եք խնդրել, որ բացեն դուռը:
-Չէ՛, մենք բոլոր տեղերից, տիրող իրավիճակից ենք բողոք ստացել ու գնացել մտել ենք բոլոր խցերը:
-Ըստ տեղեկությունների՝ Դուք տեղյակ եք եղել, որ Նաիրի Հունանյանի խուց եք մտնում, քանի որ Ձեր գործընկերներից Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը հրաժարվել են տեսնել Հունանյանին:
-Ո՛չ, նման բան չի եղել: Մենք պատահական ենք ընտրել խցերը: Ասում էինք՝ սա՛ բացեք, նա՛ բացեք, կոնկրետ մի խուց չենք գնացել ստուգելու:
-Եթե տեղյակ չէիք, որ խցում Նաիրի Հունանյանն է, այդ դեպքում ինչո՞ւ են Ձեր գործընկերները կտրականապես հրաժարվել խուց մտնել:
-Մենք պատահական ենք մտել այդ խուց, հենց տեսանք՝ Նաիրին ա, դուրս եմ եկել, ըտեղ ի՞նչ կա, ինչի՞ եք այդքան բարդացնում: Երկու հոգի էլ են եղել ինձ հետ, մտել ենք ու նույն վայրկյանին դուրս եկել, ոչ մեկս էլ երկար չենք մնացել այնտեղ: Ես եմ եղել, Էնֆիաջյան Վահեն էր, Ալիկ Արզումանյանը, ու դուրս ենք եկել:
-Ինչո՞ւ հոկտեմբերի 27-ի նախօրեին որոշեցիք այցելության գնալ Հունանյանին:
-Մենք լրիվ պատահական ենք մտել:
-Իսկ Նաիրի Հունանյանն ի՞նչ բողոք ուներ, թեկուզ եւ խցի պայմանների հետ կապված:
-Բողոք չուներ, գլուխն էր ցավում, ինչպես բոլորի մոտ, այնպես էլ նրա խուցն էր, իր կարգավիճակից բողոք չուներ:
-Այսինքն՝ մշտապես գլխացավե՞ր ունի, դա՞ է եղել իր բողոքը:
-Այո՛, գլուխն է ցավում, տարել բուժել են:
-Իսկ ինչպիսի՞ն էր Նաիրի Հունանյանի խուցը, ի՞նչ կար, ցմահ դատապարտվածն արտոնյալի կարգավիճակո՞ւմ էր:
-Ոնց բոլորի մոտ էր, այնպես էլ նրա մոտ էր, կալանավորի մոտ: Ինքը ցմահ է դատապարտված, ու մենք էլ ցմահներինը մեկ-երկուսինը տեսանք, նույնն էր, ինչ Նաիրի Հունանյանինը, որեւէ այլ բան չեմ կարող ասել:
-Զրուցե՞լ եք Նաիրի Հունանյանի հետ, ինքը զղջացե՞լ է իր արարքի համար:
-Չէ՛, չենք խոսել, ոչ մի հարց չենք տվել: Ոչ մի բան չենք խոսել, տեսել ենք՝ ինքն է, դուրս ենք եկել սենյակից, ես կոնկրետ դուրս եմ եկել:
-Եթե մի վայրկյանով եք մտել ու դուրս եկել, այդ դեպքում ինչպե՞ս եք տեղեկացել, որ նա գլխի հետ կապված խնդիրներ ունի եւ գլխացավերի դեմ բուժվել է:
-Դուրս գալիս ասաց՝ գլուխս է ցավում, չգիտեմ՝ ով հարցը տվեց, ասաց՝ գլուխս ա ցավում: Այդքան բան, ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ: Ինքը մենակ էր նստած, ու ես տեսա՝ ինքն ա, դուրս եկա:
-Վազգեն Խաչիկյանին է՞լ եք պատահաբար այցելել:
-Մենք գնացել ենք ու ասել՝ բացե՛ք այս խուցը, այն խուցը ու տեսել ենք իրենց, տեղյակ չենք եղել, թե ով որտեղ է նստած:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս