ՏԱՆԳՈ՝ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները ոչ թե պայմանավորված խաղ են, այլ իրականություն:
Երեկվա ասուլիսի ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը կարող է հանգեցնել մարտահրավերի, երբ առաջ գան սեփական թեկնածուները: «ՀՀԿ եւ ԲՀԿ հակասություններն անցել են թատրոնի փուլը։ Եթե անգամ «Բարգավաճ Հայաստան»-ը չառաջադրի իր թեկնածուին, այդ հակասություններն իրական են։ Դրա վառ ապացույցը Վարդան Օսկանյանի դեմ գործն է»,-ասաց նա: Ռ. Կիրակոսյանն ավելի կարեւորում է նախագահի ընտրությունները, քան դրանց արդյունքները: Ըստ նրա՝ այս ընտրություններում չի լինի կեղծ ընդդիմություն, կեղծ թեկնածուներ. «Սպասվող ընտրություններն այդ առումով կտարբերվեն: Այժմ արդեն Արտաշես Գեղամյանի նման կեղծ թեկնածուներ չեն լինի»,-նշեց նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին, ապա Կիրակոսյանն այն պատկերավոր ներկայացրեց. «Դա տանգո չէ, քանի որ տանգոն մենակ չեն պարում:  ՀԱԿ-ԲՀԿ տանգոն չի լինում, քանի որ երաժշտություն չկա: Նրանք իրար չեն սիրում: Ռոմանտիկ բան չկա այդ տանգոյի մեջ»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ, խոսելով ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին, երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը չի դառնա ԲՀԿ կցորդը: «Եթե կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են այս պահին մեզ հետ միասին պայքարել ազատ, արդար ընտրությունների համար, ապա չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ: ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մեջ, եղել է իշխանության անդամ, եթե գիտակցել է, որ այս իշխանությունը ոչ մի լավ բան չի արել ժողովրդի համար, ուրեմն ինչո՞ւ ոչ»,-նշեց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ն այժմ ունի ինքնուրույն քաղաքական ուժ դառնալու հնարավորություն: Ըստ Սարգսյանի՝ ՀԱԿ-ը մի պահ պասիվացավ, սակայն այժմ գտել է իրեն: «ՀԱԿ-ը դեռ ցույց կտա իր ուժը: Չի եղել մի ուժ, որ կարողանա միավորել այսքան ուժերի: Լինում են պահեր, որ քաղաքական ուժը անկում է ապրում, վերելք է ապրում: ՀԱԿ-ը հիմա վերելք է ապրում»,-ասաց նա: ՀԱԿ պատգամավորը ներկայիս քաղաքական վիճակը բնութագրեց «հանգիստ՝ փոթորկից առաջ»: Ըստ նրա՝ առաջիկայում ակտիվանալու է քաղաքական դաշտը, եւ թեւակոխելու ենք քաղաքականապես ակտիվ շրջան: Ըստ Լ. Սարգսյանի՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը փոթորիկ ու խուճապ կառաջացնի դաշտում: Սակայն նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ում դեռ չեն քննարկել նախագահի ընտրություններում թեկնածուի առաջադրման հարց: Սարգսյանի խոսքով՝ ՀԱԿ-ում բոլորը համակարծիք են, որ նախագահի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ու հիմա սպասում են, որ Տեր-Պետրոսյանը որոշում կայացնելուց հետո հայտարարի այդ մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս