ԵՐԹԵՎԵԿԻ ԽԱԹԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի սկզբից Գյումրու Մուսայելյան փողոցի խաչմերուկից մինչեւ կայարանամերձ հրապարակ իրականացվում են փողոցի հիմնանորոգման, հին եզրաքարերը նորերով փոխարինելու աշխատանքներ, որոնց համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 280-290 մլն դրամ գումար: Մուսայելյան փողոցում դեռ ընթանում են «Շիրակ-ջրմուղկոյուղու» կողմից նոր ջրագծերի անցկացման աշխատանքները: Փողոցի բարեկարգման աշխատանքներն իրականացնող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի աշխղեկի տեղեկացմամբ՝ այս երկու աշխատանքների միաժամանակյա իրականացումը սկսել է խանգարել մեկը մյուսին: Այս պահին Մուսայելյան փողոցում` մինչեւ կայարանամերձ հրապարակ, հին մայթեզրերն ու դիտահորերը նորերով են փոխարինվում: Մեկ-երկու օրից կսկսվեն մայթերի ասֆալտապատման աշխատանքները, այնուհետ կարկատաններ կարվեն փողոցների այն հատվածներում, որտեղ «Ջրմուղ»-ը կտրել է ասֆալտի շերտը, որից հետո կփռվի հարթեցնող շերտ ու նոր` ասֆալտի հիմնական շերտը՝ 5 սմ հաստությամբ: Արդեն երկու օր է՝ Մուսայելյան փողոցը գրեթե ամբողջությամբ փակ է, ինչն էլ ստիպում է վարորդներին տվյալ փողոցը շրջանցել հարակից երկրորդական ու ոչ բարեկարգ փողոցներով:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի աշխղեկը փոքր-ինչ զայրացած նշեց, որ փողոցը վաղուց էր անհրաժեշտ փակել, այդ դեպքում «Ջրմուղ»-ը կհասցներ ժամանակին ավարտել իր աշխատանքները, ու մեկը մյուսին խանգարելու խնդիր այսօր առաջ չէր գա: Փողոցի մի հատվածը փակված է բետոնե եզրաքարերով, իսկ մյուս մասում տեղադրված են համապատասխան նշաններ, բայց հաճախ վարորդները նշանը դնում են մի կողմ եւ շարունակում ճանապարհը (երբեմն երթեւեկելով մայթով)` չպատկերացնելով, որ մյուս հատվածում նման բան անել չեն կարողանա: «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի աշխղեկի փոխանցմամբ՝ նման վերաբերմունքի պատճառով արդեն կան բազմաթիվ կոտրված եզրաքարեր, ինչը փոխելու հնարավորություն շինարարական կազմակերպությունը չունի, քանի որ եզրաքարերի մեկ գծամետրը արժե 10 000 դրամ: Իսկ թե տվյալ փողոցի հիմնանորոգման աշխատանքները երբ կավարտվեն, ու փողոցը երբ կբացվի, աշխատանքների ղեկավարը դժվարացավ ասել:
Այս ամենը  որոշակի անհարմարություններ է ստեղծել տվյալ փողոցով անցնող 12 եւ 28 համարի երթուղայիններից օգտվող ուղեւորների համար: Հոկտեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսից, տվյալ միկրոավտոբուսների երթուղիները որոշակի փոփոխությունների են ենթարկվել, ինչին անտեղյակ են բազմաթիվ ուղեւորներ: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Եղոյանը մեզ փոխանցեց, որ երկու երթուղիների համար ընտրված է այլընտրանքային երթուղի, իսկ թե մինչեւ երբ են երթուղայինները շրջանցելու Մուսայելյան փողոցը, Ա. Եղոյանն ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով` ամիս-ամիսուկես»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս