«ՎԵՐԵԼԱԿԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՇԵՆՔԸ ՄԵՐՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հրապարակել էինք, որ Դավիթաշենի Սասնա ծռեր թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց 20-հարկանի շենքի պոկված վերելակի գործով հարցաքննվել է «Ռենշին» ՍՊԸ-ի տնօրինությունը: ՍՊԸ-ի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաշեն վերելակը հսկվել է նույն շինհրապարակի ղեկավարի կողմից, ու երբեւէ ոչ մի խնդիր չեն ունեցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց 20-հարկանի շենքի վերելակի ճոպանը պոկվել էր եւ 17-րդ հարկից ընկել նկուղում աշխատողների վրա: Նրանցից երկուսը զոհվել էին, իսկ մյուս երկուսը` Գեւորգ Սաֆարյանն ու Խաչիկ Եփրեմյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: «Խաչատուրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժողը վիրաբուժական բաժանմունքում է: Նրանց բուժման ծախսերը հոգում է պետությունը»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեցին «Արմենիա» բ/կ-ի վիրաբուժական բաժանմունքից:
Նշենք, որ վերելակը գրանցված չի եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում, եւ տեխնիկական ազգային անվտանգության կենտրոնի կողմից համապատասխան փորձաքննության չի ենթարկվել:
Այս դեպքի առնչությամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Հարցաքննվել են մի քանի շինաշխատողներ: Ձերբակալվածներ դեռ չկան: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Վերելակը ինքնաշեն է եղել, հետեւաբար դրա պատասխանատուն շենքը կառուցող կազմակերպությունն է` «Էմ էլ էլ ինդասթրիս» ՍՊԸ-ն, իսկ շենքը պատկանում է «Ռենշին» ՍՊԸ-ին: «Էմ էլ էլ ինդասթրիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, որը մեզ հետ զրույցում հրաժարվեց ներկայանալ, ասաց. «Էս պահին մեր օֆիսում մարդ չկա, որ ձեր հարցերին պատասխան տա: Ես կարող եմ միայն ասել, որ մենք ոչ մի պատասխանատվություն էլ չենք կրում կատարվածի համար, քանի որ դեռեւս 6-7 ամիս առաջ շենքը հանձնել ենք «Ռենշին» ընկերությանը: Չեմ կարող ասել, թե ով է անմիջական պատասխանատուն, բայց ընդամենը կարող եմ ասել, որ մենք երկար ժամանակ է, ինչ շենքի հետ կապ չունենք: Մենք տեղավորվել ենք շինաշխատանքների համար իրենց կողմից սահմանված ժամկետում եւ այն հանձնել ենք տերերին»:
«Էմ էլ էլ ինդասթրիս» ընկերության պաշտոնական կայքից տեղեկացանք. «Որակի եւ անվտանգության ապահովման արդյունքները խստորեն վերահսկվում են շինհրապարակի ղեկավարների կողմից եւ հանդիսանում են նրանց գործունեության գնահատման չափանիշների կարեւորագույն մասերից մեկը մեր բոլոր նախագծերում»: Այդ համալիրի շինարարությունը նախատեսված է եղել ավարտել 2011թ. եւ շահագործման հանձնել 2012թ. առաջին կիսամյակին: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ռենշին» ընկերության ներկայացուցիչներից մեկի` Մարինայի հետ. «Շենքը մերն է, մենք գումար ենք դրել ու պատվիրել ենք այն: Բացի այդ, 6 ընկերություններ են գործում շենքի ներսում, դրանցից ամեն մեկը տարբեր գործունեություն է ծավալում: Հիմա «Ռենշին»-ը ներդրում անողն է, իսկ մնացածը կատարողներն են, վերելակը մեզ հետ կապ չունի, բայց շենքը մերն է: Դեռ չի պարզվել, թե ով է արել, մենք տեղյակ չենք՝ ով է մեղավոր, որովհետեւ, ինչպես ասել էի, 6 ընկերություններ կան ներսում եւ տարբեր գործողություններ են անում»: Մեր այն հարցին, թե շինհրապարակի ղեկավարի կողմից արդյոք չի վերահսկվել վերելակը, նա պատասխանեց. «Մենք հսկիչ ունենք, որը վերահսկել է այդ բոլոր գործողությունները, լիֆտի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Դա այնպիսի լիֆտ է, որը մարդատար չէ, բեռնատար է: Պադիոմնիկ է եղել, մարդու համար չի եղել, դրա համար էլ այդպես է եղել: Իսկ փոխհատուցման հետ կապված՝ «Ռենշին»-ը ոչնչից տեղյակ չէ: Մեր տնօրենները հարցաքննվել են, բայց ես ստույգ տեղյակ չեմ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս