Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը, որ 2013 թվականի հոկտեմբերից կալանքի տակ է, այս տարվա մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել: Այդ քայլով նա իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների ու Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ անազատության մեջ գտնվող Պետրոսյանը պայքարի ամենածայրահեղ մեթոդներից մեկն է ընտրել, սակայն իշխանական դաշտից որեւէ արձագանք չկա: Ձկան նման լուռ են:
Երեկ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն է քաղբանտարկյալ Պետրոսյանին հրապարակավ կոչ արել հրաժարվել սկսած հացադուլից: Թե ինչպես է արձագանքել կամ կարձագանքի այս կոչին ինքը՝ Լիպարիտ Պետրոսյանը, դեռ վաղ է ասել: Բայց այն, որ վերջին մի քանի ամսիներին վակուումում գտնվող Հայաստանի քաղաքական դաշտում պայքարի մի նոր թիրախ է ձեւավորվել, փաստ է: Բոլորը տեղի-անտեղի հիշում են քաղբանտարկյալներին: Ու թեեւ Շանթ Հարությունյանը եւ ընկերները կալանավորվել են 2013 թվականի հոկտեմբերին, այնուամենայնիվ, նրանց նկատմամբ հետաքրքրությունն ու մտահոգությունը հիմա առավել ցցուն դրսերումներ են ունենում: Նույնիսկ տպավորություն է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կապիտուլացիայից հետո քաղաքական պայքարի թիրախ էր փնտրում, ու վերջապես գտել են այն: Մեր երկրում ընդդիմադիր դաշտը գրաված ուժերը հատկապես վերջերս են սկսել ընդգծված մտահոգություն հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ինչն անպատվաբեր է:
Իհարկե, հասկանալի է, որ քաղբանտարկյալների թեման առավել ձեռնտու է երկու իմաստով. նախ՝ անշառ է, քանի որ ելույթները կոնկրետ հասցեատեր չունեն, որի հետ հետագյում խնդիրներ ունենան, բացի այդ՝ նման թեմա բարձրացնելով՝ ավելի հեշտ է աչքի ընկնել արեւմտյան կառույցների կողմից:
Ընդգծենք, որ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող եզակի ազնիվ գործիչներից է, եւ նրա մտահոգություններն իսկապես ի խորոց սրտի են: Բայց փաստն այն է, որ նրա թիմի մեջ եւս կան այնպիսի անձինք, որոնց համար գլխավորը արեւմտյան արժեքների տարածման քողի տակ դրամաշնորհ ստանալն է, այլ ոչ թե իրական պայքարը ռեժիմի դեմ: Դրա համար էլ նույնիսկ ամենաանկեղծ ասված խոսքը, տվյալ դեպքում Ժիրայր Սէֆիլյանի կոչը, միանշանակ չի ընկալվում. արժեքների դեգրադացիան լայն թափով զարգանում է մեր երկրում: Ցավոք: