Կիսախարխուլ շենքում հազիվ գոյատևող գյումրեցիները մեկ այլ խնդրի առաջ են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի 5-րդ շենքի բնակիչները կանգնած են շենքի փլուզման վտանգի, հետեւաբար նաեւ՝ գլխավերեւում ունեցած, թեկուզ խարխուլ տանիքից զրկվելու վտանգի առաջ: Ներկայումս անձրեւների ժամանակ, կտուր չունենալու պատճառով, նշված շենքն ամբողջությամբ ողողվում է անձրեւաջրերով:
Պաշտոնապես շենքը ճանաչվել է 3-րդ աստիճանի վթարայնության:

Սակայն նույնիսկ անզեն աչքով երեւում է, որ գրեթե կտուր չունեցող ու կիսավեր շենքն ունի վթարայնության չորրորդ աստիճան եւ անհապաղ ենթակա է ամրացման, քանի որ հակառակ դեպքում ցանկացած պահի կարող է փլվել եւ դառնալ զոհերի պատճառ:
Ժամանակին շենքի մի մասում իրականացվել են ամրացման աշխատանքներ, սակայն նույնիսկ այս դեպքում համատարած խոնավությունը, նույնիսկ ամրացված հատվածում, իրեն զգացնել է տալիս: Շենքի ներքին կիսավեր վիճակն ու խոնավությունը հետզհետե քայքայում ու խարխլում են շենքը նաեւ արտաքինից, որը ի դեպ, ճարտարապետական արժեք է ներկայանցում եւ համարվում է Գյումրիի կոլորիտային շինություններից մեկը:

Առավել անմխիթար վիճակում են գտնվում շենքի երկրորդ մուտքի բնակարանները, որի բնակիչներին դեռեւս 10 տարի առաջ այն ժամանակվա քաղաքաշինության նախարարը, մարզպետը եւ Գյումրիի նախկին քաղաքապետը հորդորել են բնակարաններից դուրս գալ ու բնակվել վարձով, մինչեւ հարցի կարգավորումը: Սակայն տարիներն անցել են, ո՛չ խնդիրն է կարգավորվել, եւ ո՛չ էլ բոլոր բնակիչներն են իրենց բնակարաններից փախել: Իսկ այդ ընթացքում այս շենքի հարցը բազմիցս բարձրացվել է ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել: Վերը նշված բնակության համար վտանգավոր մուտքում մինչ օրս մեկ ընտանիք դեռ բնակվում է, քանի որ վերջիններս չունեն ո՛չ այլ բնակարան տեղափոխվելու եւ ո՛չ էլ բնակարան վարձելու հնարավորություն:

Բնակիչները դժգոհում են, քանի որ փաստացի բնակարան չունեն, բայց միեւնույն է՝ իրենց անօթեւանի կարգավիճակ էլ չի տրվել: Անօթեւանի կարգավիճակ ունենալու դեպքում գոնե հույս կունենային, որ ապագայում հնարավոր է բնակարան ստանան: Իսկ ներկայումս ապրում են առանց հույս ունենալու, որ մի օր իրենց խնդիրը կարող է լուծվել:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս