ՌԴ-ն Արցախի միջոցով փորձում է սիրաշահե՞լ Ադրբեջանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից հետո երեկ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «ամրապնդվող լավատեսություն» ունի: Լավրովը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ «մի քանի ժամ շարունակ ամենայն մանրամասնությամբ» քննարկել են Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները եւ նկատել. «Թեեւ զգուշորեն, բայց ամեն դեպքում ես ամրապնդվող լավատեսությամբ եմ նայում ներկայիս իրավիճակին: Այն, որ համաձայնության հասնելու իրական հենք կա, սրա հետ բոլորը համաձայն են, պարզապես հիմա այդ ամենին պետք է տրվեն որոշակի ձեւակերպումներ»:

Ուշագրավ է, որ Լավրովին երկրորդել է Մամեդյարովը` ասելով.«Կիսում եմ լավատեսության նոտաները, որ հնչեցին Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»:
Թե ինչով է պայմանավորված երկուստեք այս լավատեսությունը, դժվար է ասել:

Նկատենք միայն, որ հատկապես Ղարաբաղի հարցի քննարկման նպատակով Մոսկվա կատարած Մամեդյարովի այցից առաջ՝ մայիսի սկզբին, նմանատիպ այց էր կատարել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը, որից հետո, սակայն, «լավատեսության» մասին հայտարարություններ չէին հնչել: Եվ այն, որ հայկական կողմի պատկերացումները լսելուց եւ դրանք ադրբեջանական կողմին փոխանցելուց հետո են լավատեսական նոտաներ հնչում, թույլ է տալիս ենթադրել, որ Լավրովին հաջողվել է հասնել փոխըմբռնման որոշակի կետի:

Դա, իհարկե, լավ է՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի պահվածքը եւ նախագահների մակարդակով բանակցային գործընթացի մտահոգիչ լճացումը: Սակայն այն, որ հակամարտության կարգավորման հարցում լավատեսական հայտարարությունները հնչում են Մոսկվայից, այն էլ բացառապես Լավրովի, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից հետո, մտահոգության տեղիք է տալիս:

Թեեւ Լավրովը երեկ նշեց, որ Մամեդյարովի հետ տարված բանակցությունների ընթացքում հաշվի է առնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը, այդուհանդերձ, ՌԴ-ի անհատական ակտիվությունը, բնականաբար, պայմանավորված է Ռուսաստանի անհատական շահերով:

Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն մեծապես շահագրգռված է Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու հարցում: Եվ ՌԴ-ի` Ադրբեջանին արված հրապարակային առաջարկին ի պատասխան, Բաքուն անցած շաբաթ Պուտինից պատվո շքանշան ստացած իր դեսպանի` Բյուլբյուլօղլիի շուրթերով հայտարարել էր.«Բաքուն դրական է վերաբերում ԵՏՄ ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը»:

Այնպես որ, ներկայումս ՌԴ-ն ունի որոշակի շահագրգռություն` խնդրի լուծման ուղղությամբ առարկայական քայլեր անելու կամ առնվազն դրանց մասին խոստումներով Ադրբեջանին սիրաշահելու համար: Ուստի այս իրավիճակում ՌԴ-ի լավատեսությունից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:




Լրահոս