«Կարծես ուզում ենք սպիտակ ագռավ լինել». «Եվրատեսիլ»-ն ու մեր տապալված հույսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ն ու մեր տապալված հույսերը
Այս տարի «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն է՛լ ավելի էր կարեւորվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին Եվրոպային մեր մեսիջը հասցնելու առումով: Դժվար է միանշանակ ասել` Եվրոպան, ի վերջո, ընկալեց այդ ասելիքը, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն իր «Face The Shadow» երգով հավաքեց առավել քիչ միավորներ, քան երբեւէ (34 միավոր)` զբաղեցնելով 16-րդ տեղը:

Իհարկե, «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակությունը կարող է պնդել, թե կարեւորն այս դեպքում լավ ներկայանալն ու մեր ասելիքը տեղ հասցնել էր, սակայն դա ոչ մի կերպ չի մխիթարում հայ հանրության կոտրված հատվածը: Եվ իրադարձությունների այս ֆոնին անխուսափելի են դառնում խոսակցությունները, որ ժամանակն է փոխել մեր պատվիրակության կազմը, որ պետք է շեշտը դնել լավ, տպավորիչ, Եվրոպայի հանդիսատեսին հետաքրքրող երգ ներկայացնելու վրա:

Երգահան Մարինա Թագակչյանն, օրինակ, այն համոզման է, որ եվրատեսիլյան մեր արդյունքներն, ինչպես ամեն տարի, նույնն են, եւ զարմանում է, թե ինչու են հայերն ավելին ակնկալում, եթե չեն ներկայացնում այնպիսի երգ, որը կունենա հաղթելու հնարավորություն. «Ճիշտ է՝ մրցույթը քաղաքականացված է, բայց եթե հետաքրքիր երգ մատուցվի, վստահ եմ, որ հնարավոր կլինի մեծ թվով ձայներ հավաքել եւ անգամ հաղթել. ամեն դեպքում, ներգործողը երաժշտությունն է: Արդեն մի քանի տարի է` մենք նույն սխալն ենք գործում. մենք սիրում ենք կրկնօրինակել, վերցնել ուրիշինը: Եվրոպան շատ է լսել այն երգերից, որոնք մենք, սովորաբար, ներկայացնում ենք. նրան պետք է զարմացնել, հետաքրքրել: Պետք է փոխել մեր մոտեցումը եւ ներկայացնել այնպիսի երգ, որը կլինի մերը, շատ ուրիշ եւ ինքնատիպ: Իսկ ինչո՞վ ենք մենք առանձնանում մյուս երկրներից. բացարձակապես ոչնչով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա` հավելելով, որ հարկ է ուշադրություն դարձնել նաեւ մասնակցի արտաքին տեսքին:

Հայաստանի հավաքած միավորների պատկերը հուսահատեցնող էր նաեւ քաղաքական տեսանկյունից: Այն երկրները, որոնք մեզ մշտապես շնորհում էին բարձր միավորներ, այս տարի կա՛մ շրջանցեցին մեզ, կա՛մ փոխանցեցին շատ քիչ բալեր. Ռուսաստանն, օրինակ, բավարարվեց 6 միավոր փոխանցելով, Ֆրանսիան` ընդամենը 3:
Քաղաքական մեկնաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե երգը վատն է, չես կարող մեղադրել ո՛չ դաշնակից, ո՛չ էլ ոչ դաշնակից երկրներին. «Հայաստանն, օրինակ, միավորները շնորհում է դարավոր բարեկամության տեսանկյունից, քաղաքական հաշվարկներով, բայց կան երկրներ, որոնք գնահատում են հենց երգը»,-նկատեց նա:

Ս. Սաֆարյանի համոզմամբ` այս տարին, լինելով մեզ համար այդչափ նշանակալից, «Եվրատեսիլ»-ում կարող էր Հայաստանին հաղթանակ բերել, հատկապես, երբ ինֆորմացիոն առումով դրա համար լավ հող էր նախապատրաստվել Ցեղասպանությանն առնչվող միջոցառումների, Քիմ Քարդաշյանի այցի եւ այլ իրադարձությունների շնորհիվ. «Ցեղասպանության թեման էլ կարելի էր ներկայացնել լավ կամ վատ: Միանշանակ, մեր խմբի անդամները պայծառ, տաղանդավոր դեմքեր էին, եւ հենց իրենց պրոֆեսիոնալ կատարման ու սփյուռքի քվեարկության շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց զբաղեցնել 16-րդ տեղը»,-կարծիք հայտնեց նա:

Մեկնաբանի համոզմամբ` եթե Հայաստանը տարիներ շարունակ «Եվրատեսիլ»-ում հաջողություն չի գրանցում, այդ մրցույթի հայկական պատվիրակության կազմը պետք է փոխվի. «Բայց մեզ մոտ այդպես չէ. մրցույթը տապալում են, հետո գալիս-ասում են՝ կարեւորը մասնակցությունն ու լավ ելույթն էր, կամ սա լավ երգ էր, դուք չեք հասկանում. կարծես ուզում են սպիտակ ագռավ լինել…Եվ բնական է, որ այս դեպքում շատերի մոտ հարց է առաջանում` արդյո՞ք արժի այդքան գումարներ ծախսել մրցույթի համար»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլին մասնակցում էր 27 երկիր: Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան` 365 միավորով: Նրան հաջորդում են Ռուսաստանը, Իտալիան, Բելգիան, Ավստրալիան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս