ՄՍԱՄԹԵՐՔԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԹԱՆԿԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանն ընդառաջ տեղական արտադրողներն արդեն իսկ բարձրաձայնում են, որ դրա արդյունքում կբարձրանան նաեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Մասնավորապես, առաջնահերթ կթանկանան այն ապրանքատեսակները, որոնց արտադրության ընթացքում մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Տվյալ դեպքում խոսքը հացամթերքի, պահածոների, կաթնամթերքի, մսամթերքի, այդ թվում նաեւ երշիկեղենի եւ մի շարք այլ ապրանքների մասին է:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: ՀԷՑ-ն առաջարկում է սպառողներին մատակարարվող 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա՝ ներկայումս գործող 41 դրամ 85 լումայի փոխարեն: Իսկ գիշերային սակագինն առաջարկում են դարձնել 48 դրամ 93 լումա՝ գործող 31 դրամ 85 լումայի փոխարեն:
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Սիմիրամ» ընկերության տնօրեն Հարություն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով էլէներգիայի հնարավոր թանկացմանը, վրդովված նկատեց, որ այն ծանր հետեւանք կթողնի ե՛ւ ընկերությունների գործունեության, ե՛ւ բնակչության գրպանի վրա: «Մենք դեռ համապատասխան հաշվարկները չենք կատարել, որպեսզի հստակ ասենք, թե որ արտադրանքը որքանով կթանկանա: Իսկ արտադրանքի թանկացումն անխուսափելի կլինի: Ճիշտ է, չեմ կարող ասել, թե քանի տոկոսով կթանկանա, բայց հաստատ կթանկանա, որն էլ կհարվածի ոչ միայն մեր, այլեւ քաղաքացիների գրպանին»,- ասաց Հարություն Հակոբյանը: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք հնարավո՞ր է էլէներգիայի գինը թանկանա, սակայն ընկերությունն իր շահույթը նվազեցնելու հաշվին արտադրանքի գին չբարձրացնի: Հարցին մեր զրուցակիցը դժվարացավ կոնկրետ պատասխանել: «Տվյալ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դեռ չենք ուսումնասիրել, քննարկել»,- ասաց նա: Նշենք, որ այս ընկերությունն իր արտադրանքն ամբողջությամբ իրացնում է Հայաստանում:
«Մարիլա» ընկերությունից, որը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանին, «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ էլէներգիայի սակագնի թանկացումը կոնկրետ իրենց ընկերության գործունեության վրա բացասական ազդեցություն չի թողնի: «Այդ ինչպե՞ս կարող է թանկանալ: Այս պահի դրությամբ դեռ չի թանկացել էլէներգիան, ես ինչպես կարող եմ ասել՝ արտադրանքը կթանկանա՞, թե՞ ոչ: Դեռ պետք է մանրամասն ուսումնասիրենք, հասկանանք, հետո խոսենք»,- նշեց «Մարիլա»-ի տնօրեն Արշակ Ուստաբաշյանը: Ի դեպ, մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ, որ հնչեցվի իր եւ ընկերության անունը, ասաց՝ էլէներգիայի թանկացմամբ կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում նաեւ՝ մսամթերքը: «Տխուր կլինի: Եթե ընկերությունները կրճատեն իրենց աշխատողներին, բնականաբար ժողովրդի ձեռքի գումարն էլ կպակասի, հետեւաբար մեր առեւտուրն էլ կթուլանա: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Ամեն դեպքում, մեր ժողովուրդն ամեն ինչին սովորում է. նրանց եթե հացից ու ջրից զրկեն, միեւնույն է՝ խոտ կուտեն ու կապրեն: Մի բան կլինի: Աստված եթե դուռը փակում է, ապա պատուհան է բացում»,- ասաց անանուն մնալ ցանկացած գործարարը:
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները նշեցին նաեւ, որ այս ընթացքում իրենք որոշ դժվարություններ ունեն՝ կապված ռուսական շուկայում ստեղծված անկայունության, ռուբլու արժեզրկման եւ արտահանման հետ: Տեղեկացնենք, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արդեն 7 տարի է, ինչ միս, մսամթերք չի արտահանվում: Արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում ավելացնել իրենց արտադրության ծավալները: Սրան զուգահեռ ներքին շուկայում եւս նվազել է մսամթերքի սպառումը, ինչը իրավիճակը ավելի է բարդացնում:
Ի դեպ, ըստ գործարարների՝ անցած տարվա վերջին ստեղծված վիճակի պատճառով մսամթերքի մի քանի արտադրամասեր արդեն իսկ փակվել են: Դրանց մեջ եղել են նաեւ տարիների պատմություն ունեցող արտադրամասեր: Մինչդեռ յուրաքանչյուր արտադրամաս 40-50 աշխատողի, նույն է թե՝ ընտանիքի ապահովում է ապրուստի միջոցով: Իսկ ՀՀ ղեկավարությունը շարունակում է պնդել, որ Հայաստանի տնտեսությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

 

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ «ՎԱԼՍԱՊԱՐԸ»

Հայաստանի դպրոցներում երեկ տոն էր. հնչեց ավարտական վերջին զանգը: Այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի եւ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել էր Երեւանի թիվ 112 ավագ դպրոց, որտեղ նրանք մասնակցեցին «Վերջին զանգ»-ի տոնական միջոցառմանը:

Ի դեպ, Երեւանի թիվ 112 դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման խորհրդանշական կրծքանշանները, որոնք դպրոցի շրջանավարտներն ամրացրել էին ոչ միայն իրենց աշխատակազմի, այլեւ վարչապետի, նախարարի եւ պատգամավորների կրծքերին, պատրաստված էին երեք՝ սպիտակ, կապույտ եւ կարմիր գույներով: Տպավորություն էր, որ այն մարմնավորում էր Ռուսաստանի դրոշը: Սակայն դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը շտապեց տեղեկացնել, որ դրանք երեխաներն են պատվիրել, այնուհետեւ ավելացրել են մյուս՝ կապույտ եւ կարմիր գույնի ժապավենները: Նշենք նաեւ, որ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հենց այս դպրոցի շրջանավարտ է: Բայց, ինչպես նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում, ինքը չի սիրել դպրոց գնալ:
Մինչ «Վերջին զանգ»-ի միջոցառման սկսվելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիսվեց իր հիշողություններով. «Շատ չարություն էինք անում: Վերջին զանգի օրը՝ հանդիսավոր արարողությունից հետո, հավաքվեցինք ու գնացինք Արտաշատ: Այնտեղ այգի ունեինք: Այդ տարիները մարդու ամենաերջանիկ եւ ամենաանարատ տարիներն էին, երբ հոգսեր չունեինք»: Ի դեպ, ավարտական դասարանի աշակերտուհիները վարչապետին ու ԿԳ նախարարին հրավիրեցին վալսի: Ուշագրավն այն է, որ այդ պահին Սամվել Ալեքսանյանը դահլիճից դուրս եկավ, հավանաբար, որպեսզի իրեն էլ պարի չհրավիրեն:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ
Գյումրու «Վերականգնողական կենտրոնում» արդեն 2-3 ամիս է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման ու վերականգնողական թերապիան իրականացվում է նաեւ երաժշտական թերապիայի մեթոդի կիրառումով: Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը՝ արդյունքներն իրոք գոհացուցիչ են, քանի որ այս մեթոդը նպաստում է ոչ միայն ընդհանուր բուժվերականգնողական թերապիային, այլ նաեւ տրամադրության բարձրացմանն ու զուտ հոգեբանական խնդիրների հաղթահարմանը փոքրիկների մոտ, ինչպես, օրինակ, հաճախ պատահող ընկճախտը:
Տիկին Աղաջանյանը նշում է, որ այս նորարությունը ներդրվել է իրենց կենտրոնի նախաձեռնությամբ եւ աշխարհահռչակ հայազգի տենոր Վաննո Տադեոյի աջակցությամբ:
Օրերս «Վերականգնողական կենտրոնում» տեղի ունեցավ երաժշտական թերապիայի կուրս անցնող հաշմանդամություն ունեցող փոքրիկների հաշվետու համերգը, որը լավագույն ցուցիչ հանդիսացավ մեթոդի արդյունավետության գնահատման համար: Նման կարծիքի է նաեւ կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը:
Փոքրիկների հետ աշխատող կենտրոնի երաժիշտ հոգեբան Նաիրա Գալոյանի կարծիքով՝ այս մեթոդը կարող է նպաստել նաեւ երեխաների մեջ երաժշտական ընդունակությունների բացահայտմանն ու, ինչու չէ, բացահայտել նոր տաղանդների: Գոյություն ունի վիճակագրություն, որ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ բացահայտվել են հենց այս մեթոդի օգնությամբ:
Հայազգի աշխարհահռչակ տենորը եւս գոհ է մեթոդի երկամսյա կիրառության արդյունքներից եւ գտնում է, որ այս կերպ երեխաների մոտ նաեւ կդաստիարակվի երաժշտական հոգեբանություն, արդյունքում ֆիզիկական ու մտավոր սահմանափակ հնարավորություններով երեխաները կդառնան զգայուն երաժշտության նկատմամբ:
Երաժշտական թերապիայի մեթոդից գոհ են նաեւ կենտրոնում բուժում եւ վերականգնողական թերապիա անցնող երեխաների ծնողները, որոնք նշում են, որ մեթոդը դրական ազդեցություն է ունեցել իրենց զավակների վրա ու նպաստել նրանց մոտ ներկա փուլում առկա խնդիրների հաղթահարմանը:
Այս արդյունքն ու հաշվետու համերգը, ինչպես նկատեց Անահիտ Աղաջանյանը, գալիս է վկայելու, որ ճիշտ մեթոդ է ներդրվել, եւ այն կշարունակվի կիրառվել «Վերականգնողական կենտրոնում»:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս