Նախատեսվում է սահմանափակել ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառությունը. նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով՝ ներկայացված նախագծով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են սննդի շղթային փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք:

Նախատեսվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթ թույլատրել միայն որսորդության եւ ձկնորսության ժամանակ արտաքին եւ ներքին գործիքների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի, ֆիզիկական եւ ֆունկցիոնալ լուրջ անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանիների անկումը բացառելու նպատակով անձնական սպառման համար, այդ թվում` կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների նպատակով, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:

Սահմանվում է նաեւ վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը, կայացվում է առգրավման եւ ոչնչացնելու որոշում:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ նախագծի նպատակը ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառության սահմանափակումն է, որն ուղիղ առնչություն ունի բնակչության առողջության հետ: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:




Լրահոս