«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍՐՏԱԿԵՐ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Էրիկն առաջիկայում երկրպագուներին ուրախացնելու կարեւոր առիթ կունենա. նա այժմ լրջորեն զբաղվում է Երեւանում կայանալիք իր առաջին մենահամերգով, որի վերաբերյալ փակագծերը դեռ չի բացում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ինքը` երգիչը, ով անդրադարձել է նաեւ աղջիկ երկրպագուների հետ իր ունեցած հարաբերություններին, իր կեցվածքին ու արտաքին տեսքին, պատմել է երբեմնի հիասթափության մասին:

-Էրի՛կ, Ձեր երկրպագուներն անընդհատ հետաքրքրվում են, թե երբ եք պատրաստվում Երեւանում հանդես գալ մենահամերգով, եւ արդյո՞ք այն սարերի ետեւում է:
-Այդ հարցով հիմա արդեն շատ կոնկրետ եւ լրջորեն զբաղվում եմ, սակայն դեռեւս չեմ ուզում շատ փակագծեր բացել: Դա լինելու է իմ առաջին մենահամերգը Երեւանում, եւ ես անելու եմ ամեն բան, որ այն անցնի հետաքրքիր, ու երբ երկրորդ մենահամերգն ունենամ, մարդիկ կրկին սիրով գնեն տոմսերն ու համենան: Երեւանյան մենահամերգին զուգահեռ ծրագրում եմ ունենալ մեկ այլ մենահամերգ նաեւ Միացյալ Նահանգներում, տեսնենք` ինչպես կստացվի:
-Դուք Ձեր կեցվածքի, արտաքին տեսքի, շարմի միջոցով ակամայից դարձել եք աղջիկների սիրելին, նրանց իդեալը: Ձեզ երբեմն համարում են անգամ սրտակեր: Դժվար չէ՞ նման պիտակով ապրելը:
-Չեմ կարծում, թե սրտակեր եմ կամ փորձում եմ այդպիսին լինել: Ես 21-րդ դարում ապրող տղամարդ եմ եւ պարտավոր եմ իմ արտաքինին հետեւել` անկախ մասնագիտությունից: Ձեր ասած սրտակեր կերպարները մի օրում սպառում են իրենց, սկզբում նրանք գրավում են հանդիսատեսին, իսկ հետո, երբ ամուսնանում են, հանդիսատեսը սկսում է նրանց չսիրել. սա շատ ծիծաղելի է: Եթե նկատել եք, ես քիչ եմ ունենում «ինչ-որ հատուկ հայացքներով» ֆոտոսեսիաներ, տարվա ընթացքում շատ տեսահոլովակներ չեմ թողարկում, քանի որ չեմ ուզում հոգնեցնել հանդիսատեսին: Իսկ այսօր շատերը 1500 հատ տեսահոլովակ են թողարկում, բայց երբ հերթը հասնում է երգելուն, ամեն բան փոխվում է: Ինձ համար առաջնայինն իմ գործունեությունն է: Ինձ ուրախացնում է, օրինակ, այն հանգամանքը, որ անցել է 4 տարի, իսկ երկրպագուներս դեռ հիշում են «Անիրական» անունով երգս կամ «Твои следы» երգի իմ կատարումը:
-Ամեն դեպքում, Դուք ունեք աչքի ընկնող ոճ, ընդգծված արտաքին. ինքնե՞րդ եք աշխատում Ձեր տեսքի վրա, թե՞ կան մարդիկ, ովքեր օգնում են Ձեզ այդ հարցում:
-Այս սանրվածքը, ոճը ուղեկցում է ինձ դեռեւս 7-8 տարեկանից, երբ նոր էի դուրս եկել բեմ: Ես ունեմ շատ հին տեսանյութեր, դրանք տեսել են միայն իմ մտերիմները եւ փաստել են, որ առանձնապես ոչինչ չի փոխվել իմ արտաքինի մեջ. մնացել եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ:
-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր եւ Ձեր երկրպագուների հարաբերությունները: Գիտենք, որ աղջիկները հաճախ են ուզում Ձեզ հանդիպել, ինչպե՞ս եք անում, որ նրանց չնեղացնեք:
-Ինձ երբեմն գրում են նման հարցերով, իսկ ես փորձում եմ չպատասխանել, քանի որ նրանք շատ են, իսկ ես միայն մեկն եմ. չեմ կարող բոլորին հանդիպել. նրանց հետ կարող եմ հանդիպել միայն երգի միջոցով (ծիծաղում է): Իսկ Ձեր ասած հանդիպումներին երբեւէ չեմ գնացել, ու չէի գնա, եթե անգամ երգիչ չլինեի, քանի որ այդ հանդիպումները հատուկ բաների համար են լինում, իսկ ես հատուկ բաներ չեմ սիրում (ծիծաղում է):
-Թեեւ Դուք հաջող կարիերա եք ունեցել, տարիներ շարունակ տարբեր մրցանակաբաշխությունների շրջանակներում ճանաչվել եք տարվա լավագույն երգիչ, այնուամենայնիվ, եղե՞լ է մի պահ, երբ հիասթափվել եք Ձեր ոլորտից եւ ցանկացել եք թողնել ամեն ինչ:
-Ես կլինեմ անկեղծ. ինձ մոտ նման պահ եղել է «Նոր ալիք» մրցույթից առաջ: Եվ հենց այդ մրցույթը «հեղափոխական» դարձավ եւ օգնեց, որ կրկին հավաքեմ ուժերս: Ես եկել էի Երեւան լավ երաժշտության, լավ երգեր երգելու համար, եկել էի, որպեսզի ինձ գնահատեին այնպիսին, ինչպիսին ես կամ, սակայն ամեն բան շատ արագ փոխվեց, դարձավ միատոն, միանման եւ միաժանր: Այդ ժամանակ ես հասկացա, որ չեմ ուզում դառնալ յուրաքանչյուր, եւ եկավ մի պահ, երբ ուզում էի հեռանալ, գնալ ուրիշ երկիր, գուցե զբաղվել ուրիշ գործով, բայց չերգել այն, ինչ ստիպում են: Իսկ «Նոր ալիք»-ից հետո հասկացա, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք ունենք հանդիսատես, որին պետք է գրավել: Փառք Աստծո, հիասթափության այդ օրերը վաղուց արդեն ետեւում են, եւ ամեն ինչ իր տեղն է ընկել…

 

 

 
ԼԻՏՎԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաեւ՝ Լիտվայում գրականության ամենահայտնի` «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում մայիսի 22-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Լիտվայի պոեզիայի երեկո, որի ընթացքում հնչեց լիտվական պոեզիա, այն քննարկվեց լիտվացի բանաստեղծների հետ:

Ներկաներին հնարավորություն ընձեռվեց հանդիպելու լիտվացի երեք բանաստեղծների` Անտանաս Ա. Յոնինասի, Լյուտաուռաս Դեգեզիսի, Գիտաս Նոռվիլասի հետ, լսելու նրանց բանաստեղծությունները լիտվերենով, ռուսերենով եւ անգլերենով:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումների դերը: «Այս հանդիպման հիմնական նպատակը մշակույթների, գրականությունների ծանոթությունն է, կապերի սերտացումը: Մենք փորձում ենք փոխադարձ ներկայացնել մեր ժողովուրդներին, մենք պետք է նաեւ նրանց ծանոթացնենք մեր պոեզիային, եւ, առհասարակ, պոետական այս գարունը մարդկանց պետք է տանի դեպի պոեզիան»,- նշեց նա:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տպավորված է լիտվական պոեզիայով: «Լիտվան պատմություն ունեցող երկիր է, տվել է հրաշալի գրողներ, ես, իհարկե, վաղուց եմ ծանոթ լիտվական պոեզիային, սակայն այսօր էլ նորը վերցնելու, նրանց արվեստն ընկալելու հնարավորություն ստացա: Լիտվական պոեզիան, ինչ խոսք, ինքնատիպ է, իրենք` լիտվացիներն էլ այդպիսին են, նաեւ կամային են ու զորեղ»,- նկատեց նա:
Բանաստեղծ Էդուարդ Հարենցն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ալիտերացիոն (բաղաձայնութային ոտանավոր, շեշտային ոտանավոր) իմաստով լիտվական պոեզիան շատ ուժեղ է. «Լիտվացի գրողներից շատ եմ սիրում Վլադաս Բրազյունասին, Վիտաուտաս Կարալիուսին… Իմ ականջին լիտվական պոեզիան հնչել է դեռեւս երկու-երեք տարի առաջ եւ շատ է դուր եկել ինձ: Իսկ նման միջոցառումները փորձի փոխանակման, մշակութային կապերը խորացնելու հնարավորություն են տալիս»,- ասաց նա:
Նշենք, որ «Պոեզիայի գարունը» հանդիսանում է պոեզիայի ամենահին փառատոնը Լիտվայում: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1965 թվականին` Լիտվայի գրողների միության կողմից եւ պահպանելով ավանդույթը՝ անցկացվում է ամեն տարի մայիսյան վերջին շաբաթին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ 6-ՐԴՆ Է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է եզրափակիչ փուլին մասնակցող երկրների ելույթների հաջորդականության ցանկը: Արդեն հայտնի է, որ մեր երկիրը ներկայացնող «Genealogy» խումբը «Face the Shadow» («Առերեսվի՛ր ստվերին») երգով շաբաթ երեկոյան Վիեննայում ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո: Մրցույթի մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ հաջորդականությամբ` Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Մոնտենեգրո, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա եւ Իտալիա: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին:

 

ԱՂԵՏ` ՋՈԼԻԻ ԵՎ ՓԻԹԻ ԼՈՂԱՓԻՆ
Էկոլոգիական աղետ է գրանցվել ԱՄՆ-ի ծովափերի մոտ, ինչի հետեւանքով հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հնարավոր է՝ զրկվեն իրենց լողափից այնտեղ լցված նավթի պատճառով: Ու թեեւ տեղի իշխանությունները հայտարարել էին, թե կատարվածը վտանգավոր չէ, այժմ արդեն հասկանալի է, որ ամեն բան շատ ավելի լուրջ է: Պարզվում է, որ աղետը վտանգ է սպառնում ծովափին առկա տարածքներին, որոնցից մեկն էլ պատկանում է աստղային զույգին: Դերասանները Սանտա-Բարբարայում գտնվող մոտ 4.6 հա տարածքը գնել էին 5 միլիոն դոլարով: Ի դեպ, նրանց պատկանող լողափը գտնվում է ամենամաքուր համարվող տարածքում: Եվ, այնուամենայնիվ, օվկիանոսից նավթը լցվել է աստղերին պատկանող տարածքը: Կամավորները փորձում են շտկել վիճակը:

 

«COLORING BOOK»-Ը` 12 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Կինոպրեմիերաներից զատ Կաննում կազմակերպվում են նաեւ բարեգործական միջոցառումներ: Նման երեկույթներից մեկի` amfAR Cinema Against AIDS Gala միջոցառման ընթացքում հավաքված միջոցներն ուղղվելու են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Երեկույթի ընթացքում տեղի է ունեցել աճուրդ, որի շրջանակում 12 միլիոն դոլարով վաճառվել է ամերիկյան հայտնի նկարիչ Ջեֆ Կունսի «Coloring Book» աշխատանքը, որն այժմ համարվում է ժամանակակից նկարչության ամենաթանկարժեք ստեղծագործություններից մեկը:




Լրահոս