Կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով երկրները հիշում են այդ մասին միայն իրենց հարմար պահին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ֆուտբոլը քաղաքականություն է եւ բիզնես, ընդ որում, հաճախ կեղտոտ, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ՖԻՖԱ-ի ղեկավարության շուրջ ծագած վերջին կոռուպցիոն սկանդալը ցույց տվեց, որ այդ կեղտը ընդգրկում է շատ ավելի մեծ շրջանակներ, քան զուտ միջազգային ֆուտբոլի տիրույթն է: Նախ` պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին անվերջ խոսող Արեւմուտքն ինքն է թաղված կոռուպցիայի մեջ: Համենայն դեպս, ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի` երեկ ներկայացրած փաստերը ցույց են տալիս, որ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող միջազգային կոռուպցիոն այս շղթայում իրենց ուրույն տեղն են ունեցել նաեւ եվրոպական եւ ամերիկյան մի շարք ընկերություններ, որոնք կաշառելով համաշխարհային ֆուտբոլը վերահսկող այս կազմակերպության ղեկավարներին` կարողացել են հասնել խաղերի հեռարձակման, մարկետինգային մենաշնորհների եւ այլ առավելությունների:

Ընդ որում, հիմա խոսքը ոչ թե մեկ կամ երկու տարվա պատմություն ունեցող կոռուպցիոն գործընթացի մասին է, այլեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության երկու սերունդների գործունեության մասին: Իսկ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը այս կազմակերպությունը ղեկավարում է սկսած 1998-ից: Եվ այն, որ տարիներ շարունակ նման համաձայնությունները, կաշառատվություններն ու ատկատներն են որոշիչ եղել միջազգային ֆուտբոլում, մեծ խայտառակություն է, եւ առաջին հերթին` «ֆուտբոլային գերտերությունների» համար, որոնց զգալի մասը հանդիսանում են եվրոպական երկրներ: Սակայն է՛լ ավելի մեծ խայտառակություն է այն, որ ՖԻՖԱ-ի կաշառակերների դեմ պայքարը եւս քաղաքականացված է եւ հանդիսանում է առավելապես ԱՄՆ-Ռուսաստան հակազդեցության հետեւանքը:

Համենայն դեպս, տարակուսելի է, որ ԱՄՆ-ն եւ Շվեյցարիան միայն հիմա են սկսել ՖԻՖԱ-ի կոռուպցիոներների դեմ առարկայական պայքարրը (թեեւ նշվում է, որ ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննությունը սկսել է դեռ 2013-ին)` թիրախավորելով 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու ՖԻՖԱ-ի որոշումը: Իհարկե, նշվում է նաեւ Քաթարը, որը, ըստ մամուլի հրապարակումների, Ռուսաստանի նման կաշառել է ՖԻՖԱ-ի ղեկավարությանը` այդ երկրում արդեն հաջորդ` 2022 թ. առաջնությունն անցկացնելու համար: Սակայն հասկանալի է, որ դա արվում է՝ այս ողջ գործընթացը բացառապես Ռուսաստանի դեմ օգտագործելու միտումը փոքր-ինչ մեղմելու նպատակով:

Ամփոփելով տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով երկրները տարիներ շարունակ աչք են փակում կոռուպցիայի աղաղակող դեպքերի վրա եւ դրանց մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է այդ ամենն օգտագործել իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: Սա շատ վատ օրինակ է, որից ՀՀ կոռումպացված իշխանությունները, բնականաբար, մեծապես կոգեւորվեն:




Լրահոս