Տիգրան Սարգսյանը հասկացել է, որ ուրիշի գույքը գողանալը վատ բան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 27-ին ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր` զարմանալի զուգադիպությամբ նախկին վարչապետը իրեն զրպարտելու համար Փայլակ Հայրապետյանից որոշեց «պատասխան» պահանջել այն ժամանակ, երբ «օֆշորային սկանդալի» գործով նախաքննությունն ավարտվեց և գործը մտավ դատարան: Թերևս մեկ տարի դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո միայն նախկին վարչապետը հասկացավ, որ ուրիշի գույքը գողանալը վատ բան է: Ավելին, եթե նա այն ժամանակ դիմեր դատարան, հանկարծ ու նրա դեմ փաստաթղթեր ի հայտ գային… Հայրապետյանի ասածները փաստաթղթերով ապացուցվելու դեպքում Տիգրան Սարգսյանը ոչ միայն դեսպան չէր կարողանա դառնալ, այլեւ նույնիսկ դեսպանատան պահակի պաշտոնին էլ չէր կարող հավակնել:

Սակայն այսքանով հարցերը չեն վերջանում: Թարմացնելով նախկին վարչապետի հիշողությունը՝ հարկ ենք համարում նկատել, որ միակ մարդը, ով զրպարտել կամ ինչ-ինչ քրեորեն պատժելի արարքների մեջ է մեղադրել Տիգրան Սարգսյանին, Փայլակ Հայրապետյանը չէ:

Դեռևս 2011 թվականին «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության» նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր «Նաիրիտ»-ից 31 մլն դոլար հափշտակելու մեջ: Հարություն Առաքելյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ-ի պետին՝ հայտնելով խոշորամասշտաբ հանցագործության մասին: Սակայն Տիգրան Սարգսյանը դատարան չդիմեց: Ընդհակառակը, նա որոշեց դիմել գլխավոր դատախազին՝ իրեն զրպարտողի դեմ քրեական գործ հարուցելու խնդրով: Իհարկե, ամիսներ անց գործը հարուցվեց, սակայն այլ փաստով. Հարություն Առաքելյանը, ըստ քրգործի, ֆինանսական վնաս էր հասցրել ՀՌԱԿ-ին: Հետագայում գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այստեղ խնդիրը հետևյալն է. եթե Տիգրան Սարգսյանը սկսել է դատի տալ իրեն վարկաբեկելու համար, ապա տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ ժամանակին Հարություն Առաքելյանին էլ դատի չտվեց, մանավանդ, որ այստեղ, ինչպես և Փայլակ Հայրապետյանի դեպքում եղավ, Հարություն Առաքելյանը ևս ԶԼՄ-ներով բազմիցս բացահայտ հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը գող է և որոշակի հանգամանքներ, որոնք հեղինակը ապացույց է համարում, բերված են նրա 7 «Բաց ֆաքսերում»…

Տաթև Հարությունյան




Լրահոս