Ինչպես կարող է Գագիկ Խաչատրյանը պայքարել կառուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տուգանքների միջոցով չեն պատրաստվում պետական բյուջեն «լցնել», քանի որ լցնելու համար տուգանքները բավարար չեն:

-Պարո՛ն Խաչատրյան, խնդրում եմ գնահատեք 2014 թվականի բյուջեի կատարողականը, որքանո՞վ է ՀՀ Կառավարությանը հաջողվել իրագործել այն ամենը, ինչը նախատեսված էր մայր փաստաթղթով:

-Բյուջեի կատարողականը պետք է գնահատել՝ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով, որովհետեւ ցանկացած երկրի պետական բյուջե կազմվում է՝ հաշվի առնելով տնտեսության ցուցանիշները, իսկ դրանք այն ցուցիչներն են, որոնք ձեւավորում են տնտեսությունը՝ մակրոտնտեսական ցուցանիշները:

-Խոստացված 5.3 տոկոս տնտեսական աճի փոխարեն Կառավարությանը հաջողվել է 2014 թվականին 3.4 տոկոս տնտեսական աճ ապահովել, ինչո՞ւ:

-Դուք արդեն տեղեկացաք տնտեսական աճի վերաբերյալ տվյալներին, մենք ունեցանք նաեւ այլ պարամետրեր, դրա համար էլ կատարողականի համար շատ ավելի կարեւոր ցուցանիշ է ՀՆԱ-ի ցուցանիշը, որը մենք գերակատարել ենք:

-Մինչ Կառավարությունը կսկսեր իր գործունեությունը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է աշխատել այնպես, որ ՀՀ-ում այլեւս ստվերային տնտեսություն չլինի: Ի՞նչ ազդցություն եւ հետեւանքներ են ունեցել ՀՀ վարչապետի հորդորները:

-Հարկային եւ մաքսային մարմինների, ՀՀ ֆինանսների նախարարության խնդիրը նաեւ այն է, որ ստվերային պայքարի կատարելագործված ուղիներ ընտրենք, խոշոր ձեռնարկություններում ավելի մեծ է ստվերը, մենք հիմա ունենք շատ անհանգստացնող թեմաներ՝ շրջանառության հարկի դաշտում գործող այն ձեռնարկությունները, որոնք մենք լրատվամիջոցներով ներկայացնում ենք… ստվերի գնահատականը մեր նախարարության ֆունկցիաների մեջ, որպես այդպիսին, չի մտնում, դրանք շատ ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, ու կան կառույցներ, որոնք դա գնահատում են:

Մենք ունեինք հանքերի, առեւտրի, բջջային օպերատորների մոտ ստվերներ, որոնք կանխեցինք, եթե Դուք մեր գրված ակտերը տեսնեք, Դուք կնկատեք, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իսկ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո մենք 31 միլիարդի միայն առանց վարչարարության բիզնեսին հնարավորություն տվեցինք ինքնուրույն հայտարարագրել: Այսինքն՝ 31 միլիարդ լրացուցիչ գումար ենք հայտարարագրել բյուջե:

-ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտ երկու ամիս առաջ 60 միլիոն դոլարով տուգանել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառին: Պատգամավորը հայտարարել է, որ ինքը գող չէ ու համարում է, որ սխալ եք վարվել իր հետ: Այժմ գործը դատարանում է, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք է ունենալու հայցի քննությունը, եւ, ի վերջո, իսկապե՞ս նախարարության տուգանքը իրատեսական չէ:

-Իր սահմանադրական իրավունքն է դատարան դիմելը, բողոքարկելը, դրանով զբաղվում է մեր քննչական վարչությունը, իսկ իր իրավունքն է, որ ինքը բողոքարկի: Այսինքն՝ մեր ցանկացած գործողություն, Դուք ի՞նչ եք կարծում, բողոքի ենթակա չէ՞: Դատարանն էլ համապատասխան վճիռ կկայացնի, իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ եթե մեկը բողոքում է, անպայման պարտվողներ եւ հաղթողներ կլինեն, խնդիրն էլ հենց այն է, որ կարողանան ճիշտը, իրականությունը իմանալ, թե որ կառույցն է ճիշտ կամ, ի վերոջ, ճի՞շտ է, թե՞ սխալ: Հիմա մեր գանգատարկումների հանձնաժողովներից հետո ինքը վճարել է, հետո բողոքարկում է դատարան:

-Նշվում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում պետական բյուջեն «լցնել», ինչի պատճառով էլ դիմել են նման բիրտ մեթոդների՝ տուգանելով գործարարաներին: Տեսակետ կա նաեւ, որ առաջիկայում նման չափի տուգանքներ դեռ սպասվում են նաեւ այլ գործարարների ձեռնարկություններում, կա՞ իրականում նման բան:

-(Ժպտում է, Ս. Գ.) 60 միլիոնով պետական բյուջե՞ն… մենք նման խնդիր չունենք: Պետք է ճիշտ ընկալել, թե ինչի մասին է խոսքը: Դա նորմալ պրոցես է՝ մարդը չի համաձայնում, գնում է դատարան, բողոքարկել է… հիմա Դուք ավելի շատ եք աղմուկ բարձրացնում, քան: Ես կխոսեմ դատարանից հետո, նորմալ երեւույթ է:

-ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ-ում հակակոռուպցիոն հանձնաժողով է ստեղծվել, որտեղ Դուք ներկայացված եք: Որքանո՞վ արդյունավետ կլինի Ձեր ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում, երբ բազմիցս հայտարարվել է, որ Ձեր կառավարած գերատեսչությունում կոռուպցիան է «թագավորում»:

-Իմ ներգրավվածությունը համարում եմ շատ արդյունավետ, որովհետեւ մենք դա ցույց ենք տվել նաեւ մեր կառույցում: Դուք ընթերցեք ԱՄՆ-ի միջազգային կառույցների գնահատականը: Չեմ ասում, որ այնտեղ բոլորը դրական են, մենք արդեն անելիքներ չունենք, բայց տեսեք՝ այնտեղ ինչ խոսուն թվեր կան, ու նաեւ մեզ անհանգստացնող թվեր կան: Այսինքն՝ մենք այդ կառույցում խնդիրը վաղուց մեր դեմ ձեւակերպել ենք, դա շատ բարդ պրոցես է: Կոռուպցիայի մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործ անել:

Ինչքան էլ անենք, մեկ է՝ Դուք մեզ հարց եք տալիս ու տալու եք, որովհետեւ այսօր մեր կառույցում չունենք մի բան, որ ասենք՝ Խաչատրյանը, Ալավերդյանը զանգեն ու ասեն՝ գիտեք ինչ, սրա վրա գրեք այսքան, նրա վրա այսքան… ամենամեծ կոռուպցիան հենց այդ ստուգվող ակտերի մեջ է, մնացած գործիքներն այնպես են ստեղծված, որ անձը հնարավորություն չունենա: Նախկինում, եթե կադաստրի ինֆորմացիան թղթով էին ստանում, տեսուչների դարակներում էր, դա չկա հիմա, այսինքն՝ կարող էին թուղթը վերացնել, խնդիրը կվերանար: Իսկ հիմա բոլորը էլետրոնային են գալիս: Այսինքն` մի համակարգ է, որտեղ նույնիսկ ես հնարավորություն չունեմ միջամտություն անելու: Իսկ դա կոռուպցիայի դեմ չէ՞: Մենք փոխել ենք, չէ՞, համակարգը: Շնորհակալություն:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս