Այսօր խորհրդարանում 2014թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին մի քանի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա անդրադարձավ մարզերի զարգացմանը: «Բավական լուրջ միջոցներ եք օգտագործում` մարզերում միջոցների զարգացման համար, բայց առայժմ այդ արդյունքը շոշափելի չէ: Մի դեպքում, եթե տեխնիկապես եք կարողանում զինել մարզային հիվանդանոցները, ապա կաղում է բժիշկների որակը և հիվանդը բուժսպասարկում չի կարողանում ստանալ և ստւպված է գալ Երևան: Դուք նշեցիք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ եք տանում և բժիշկներին կուղարկեք արտասահման` որակավորման դասընթացներ ստանալու համար», – նշեց նա և ընդգծեց, թե կարծում է, որ այդ պրոցեսը բավականին երկարատև է լինելու:
Պատգամավորն առաջարկեց Երևանից բժիշկներ առանձնացնել և ուղարկել մարզային հիվանդանոցներ: Նա նաև առանձնացրեց մի խնդիր, որ մարզային հիվանդանոցներում կան հիվանդներ, որոնք չեն կարողանում այնտեղ բուժում ստանալ, բայց տեղափոխվել Երևան նույնպես չեն կարող:
«Ինչ է անում Առողջապահության նախարարությունն այս դեպքում: Ինչ կարգի ծառայություն է մատուցում», – հավելեց նա: Պատգամավորը նաև հարցրեց, թե ծննդօգնությունը մարզերում անվճար է, բայց Երևան տեղափոխվելիս դառնում է վճարովի: Նա ընդգծեց, թե շատերը չեն վստահում մարզային հիվանդանոցներին և չեն ցանկանում այնտեղ ծննդաբերել: Նա հետաքրքրվեց, թե ինչ կարելի է անել այս պարագայում:
Ի պատասխան Առողջապահության նախարարը նախ անդրադարձավ վերջին հարցին և նշեց, որ անվճար բուժօգնության համար իրենք հավաստագիր են տրամադրում և այդ ծառայությունը դառնում է վճարովի նաև մարզից մարզ տեղափոխության ժամանակ: «Ընդհանուր սկզբունքն է դրված` փոխելու համար, այլ ոչ թե միայն Երևան տեղափոխելու համար», – նշեց նա:
Նախարարը նշեց, որ մարզերում նոր կենտրոնները ստեղծվում են զարգացումներին համահունչ, իսկ մարզային բժիշկներն էլ հնարավորություն են ստանում վերապատրաստումներ ստանալ առաջատար կլինիկաներում: Նա հավելեց, որ մարզերում պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բժիշկները մնան այնտեղ: