Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը,
Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։
Նիստում, մասնավորապես, քննարկել է Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «ՕԵԿ-ը, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, կարևորելով համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև, որոշում է.
Նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ:
Վարչությունն արձանագրում է, որ միայն լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիայով, երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների և անհատների ջանքերով է հնարավոր վճռական պոռթկում կատարել և երկիրը տանել զարգացման և առաջընթացի ճանապարհով:
Կուսակցության վարչությունը դիմում է երկրի ճակատագրով մտահոգ հասարակական և քաղաքական կազմակերպություններին համախմբելու ջանքերը հավաքական ուժերով պայքարելու Հայաստանի վերածննդի և զարգացման համար:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ նիստին նախորդած ժամանակահատվածում քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ թե՛ ՕԵԿ-ը, թե՛ գործընկեր կազմակերպությունները վստահ և լիահույս են, որ համատեղ ուժերով հնարավոր է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ ամուր հենք ստեղծելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:
Նիստում նաև քննարկվել են կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր»։