Լավ կլինի` Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ մնա երկրին ոչինչ չտվող թանկարժեք ուղևորություններից . խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տակավին վերջերս, երբ ՀՀ Կառավարության նիստում քննարկվում էր օտարերկրյա գործուղումների համար պետական բյուջեից լրացուցիչ 60 միլիոն դրամ հատկացնելու հարցը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց զերծ մնալ պետբյուջեի առանց այն էլ սուղ միջոցներով ոչ այնքան կարեւոր ուղեւորություններից: Դրանից հետո ՀՀ վարչապետն ունեցել է երկու ուղեւորություն՝ նախ՝ նա աշխատանքային այցով մեկնեց Ղազախստան, իսկ հունիսի 1-ից 3-ն էլ` պաշտոնական այցով Չեխիայում էր այդ երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով:

Հատկապես այս վերջին այցի հետ կապված դժվար է պնդել, որ այն հույժ կարեւոր էր եւ խիստ անհրաժեշտ: Ի վերջո, ընդամենը մեկ տարի առաջ պետական այցով Չեխիա էր մեկնել ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը, իսկ ինքը` Հովիկ Աբրահամյանը, որպես ՀՀ վարչապետ, նույնքան բազմամարդ մի պատվիրակությամբ հիացել էր գեղատեսիլ Պրահայով 2012թ-ին: Սակայն այսպիսի պարբերականությամբ եւ ՀՀ պետբյուջեի համար հույժ թանկարժեք այցելություններից հետո հայ-չեխական հարաբերություններում որեւէ առաջընթաց նկատելի չէ: Այս այցելության ընթացքում եւս, ինչպես միշտ, ստորագրվել են փաստաթղթեր եւ հուշագրեր` երկկողմ համագործակցության մասին, հնչել են գեղեցիկ ձեւակերպումներ, սակայն նախորդ այցերի արդյունքում ստորագրված համաձայնագրերի ի կատար ածման, գեթ մեկ նոր` հայ-չեխական համատեղ ձեռնարկության, մշակութային նախաձեռնության կամ այլ բնույթի նախագծի մասին ոչինչ չի ասվել: Ինքնին հասկանալի է` ասելիքի բացակայության պատճառով:

Այս այցելության ընթացքում միակ առարկայական խնդիրը, որի լուծման ուղղությամբ Հ. Աբրահամյանը, կարծես թե, լուրջ ջանքեր է փորձել գործադրել, Երեւան-Պրահա անցած հոկտեմբերից դադարեցված ուղիղ չվերթների վերագործարկումն է: Մնացածը` համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում (ինչի մասին խոսել է ՀՀ վարչապետը) այցից այց կրկնվող դիվանագիտական բարի ցանկությունների շարան է: Դե, իսկ Չեխիայի նման երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսք ապահովելու մասին հայտարարությունն արդեն չափազանց բարի ցանկությունների տիրույթից է:

Իհարկե, վարչապետներն էլ են մարդ, նրանք էլ են ժամանակ առ ժամանակ ցանկանում մեկնել այս կամ այն եվրոպական երկիր, ինչպես ասում են` «իրենց ցույց տալու, մարդկանց տեսնելու», սակայն պետք չէ դա անել մեր` հարկատուներիս, հաշվին: Եվ լավ կլինի, որ իր առաջիկա ուղեւորությունները պլանավորելիս Հովիկ Աբրահամյանն անսա սեփական հորդորին եւ ձեռնպահ մնա երկրին ոչինչ չտվող թանկարժեք ուղեւորություններից:




Լրահոս