Մինչ ԵՏՄ նորմերի խստացումը՝ գազի բալոնների պատճառով քանի՞ զոհ կունենանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան հայտնի է` մայիսի ընթացքում Հայաստանի տարբեր տարածքներում տեղակայված գազալցակայաններում գրանցվել էին պայթյունների դեպքեր, որոնց հետեւանքով 4 մարդ զոհվեց: Նկատենք, որ շատ դեպքերում պայթյունների պատճառը մաշված բալոններն են: Իսկ ովքե՞ր են պատասխանատվություն կրում մաշված բալոնների համար:

Տեղեկացնենք, որ մեր երկրում ավտոմեքենաների վրա գազի բալոն տեղադրում են ինչպես տարբեր ընկերությունները, այնպես էլ անհատ մասնագետները: Իսկ ո՞վ է թույլտվություն տալիս այս գործունեությունն իրականացնելու համար, եւ ովքեր են հետգայում ստուգում մեքենայի գազաբալոնի պիտանելիությունը: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով նախ զրուցեցինք մեքենաներում գազի բալոն տեղադրող «Գազ Ֆորեվեր» ընկերության տնօրեն Արթուր Բարսեղյանի հետ: Ըստ նրա` իրենց ընկերությունը քաղաքացու մեքենայում գազի բալոն տեղադրելուց հետո տալիս է համապատասխան փաստաթուղթ, որ տվյալ մեքենան ենթակա է շահագործման. «Այդ փաստաթղթից մեկը մնում է մեզ մոտ, մյուսը տալիս ենք քաղաքացուն: Օրենքով ինքը երկու տարին մեկ պետք է գնա տեխզննման: Անգամ մենք նրան զգուշանում ենք, որ երկու տարին մեկ պետք է գնա, տեխզննում անցկացնի: Կրկնում եմ, որ վարորդները իրենք պետք է հետեւեն իրենց բալոնների տեխնիկական վիճակին»:

Հարցին, թե արդյո՞ք իրենք վարորդին ասում են, թե որտեղ նա կարող է գազի բալոնը տեխզննման ենթարկել, ընկերության տնօրենը պատասխանեց. «Առաջ ասում էինք, որ գնան, Շենգավիթի «քյարպնիջի» գործարանում ստուգման կետ կար, բայց որքանով գիտեմ՝ հիմա այդ գործարանը լուծարվել է: Հիմա չգիտեմ, թե որտեղ դա պետք է արվի: Իսկ մեզ մոտ առայժմ ճնշումով տեխզննումը չկա»:

Այսինքն՝ Հայաստանում գազի բալոնների պիտանելիությունը որեւէ մեկին չի հետաքրքրում: Ընկերություններն ու անհատները մարդկանց մեքենաներում բալոն են տեղադրում, որպեսզի բենզինին շատ գումար չտան եւ ավելի մատչելի ձեւով աշխատեն, իսկ թե ինչ կլինի հետո, անհասկանալի է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «ԱՔԻԼԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ տրասպորտային միջոցի սարքին լինելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է տվյալ մեքենայի վարորդի վրա: «Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի սարքին վիճակի համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ վարորդը: Կառավարության որոշումով սահմանվում է, որ տեխզննման կետը որեւէ պատասխանատվություն չի կրում գազաբալոնի պայթելու համար: Տեխզննման համար նախատեսված 8500 դրամից միայն 2500 դրամն է գնում տեխզննման կենտրոնին, իսկ մնացածը գնում է բյուջե: Փաստորեն, ստացվում է, որ ամեն ինչի մեղավորը դառնում է վարորդը»:

Ավելին, ըստ նրա, ամեն ինչ նորմալ կլիներ, եթե տեխզննման կետերը աշխատեին եւ իրենց հանձնարարված գործը կատարեին. «Այսինքն՝ եթե ստուգեին բալոնները, հիմա մենք պայթյունի դեպքեր չէինք ունենա: Բայց քաղաքացիները տեխզննման կտրոնները ստանում են բանկում՝ վճարումից հետո, եւ որեւէ մեկը մեքենան չի ստուգում: Կառավարությունը ասում է՝ ընկեր ջան, գնա, գույքահարկը վճարի, գնա բանկ, տեխզննման կտրոնը ստացի եւ կարող ես այդ կտրոնը փակցնել մեքենայի վրա: Իսկ թե մենքենան ինչ վիճակում է, ինչ զննություն է անցել, դա չկա: Եւ այսքանից հետո քաղաքացուն տուգանում են ոչ թե ստուգում չանցնելու, այլ կտրոնը մեքենայի վրա չփակցնելու համար: Այսինքն՝ ձեւական կտրոն է դա, որը կարող է փակցվել նաեւ անսարք մեքենայի վրա»:

Հիշեցնենք, որ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում եւ ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում: Եվ, ահա, այս պայմանների արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք՝ մեկ ամսվա ընթացքում 4 զոհ, որից առնվազն երեքը՝ գազի բալոնների պայթյունի պատճառով:

Այս ամենաթողությունը ՀՀ պետական գերատեսչություններում սկսել են գիտակցել 4 զոհերից հետո միայն: Նախ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց խիստ հսկողության անհրաժեշտության մասին, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւս սկսեցին հասկանալ, որ ոլորտում բավական խնդիրներ կան, ինչն էլ քննարկել են տրանսպորտի նախարարության հետ: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը. «Հստակեցման կարիք ունի ավտոմեքենաների տեխսպասարկման ժամանակ գազաբալոնների անվտանգության հավաստիացման գործընթացը: Հստակեցման կարիք ունեն նաեւ գազաբալոնների լաբորատոր փորձարկման նկատմամբ իրականցվող պահանջների խստացումները: Ի միջիայլոց, ասեմ, որ ԵՏՄ նորմերը բավականին խիստ են այս առումով, այն նորմերը, որոնք կգործեն 2016 թ-ի հունվարից՝ ԱԳԼՃԿ-ների նկատմամբ, եւ անվավոր շարժական ավտոմեքենաների նկատմամբ՝ նոր տեխնիկական կանոնակարգը։ Մեր կողմից խստացված անվտանգության նորմեր կստեղծվեն, եւ պատշաճ անվտանգություն իրականացնելու դեպքում մենք զերծ կմնանք նման դեպքերից»։

Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարությունում եւ, առհասարակ, ոլորտը կարգավորող մյուս կառույցները սպասում են ԵՏՄ հունվարից գործող խիստ նորմերի կիրառմանը, իսկ թե մինչ այդ ում բախտը կբերի ողջ մնալ, բախտի հարցն է:

Քնար Մանուկյան




Լրահոս