73- ամյա գործարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Գ. Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի պարզաբանման համաձայն` իր բողոքը բավարարվել է և դատախազի հունիսի 1-ի որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է: Պաշտպանի բողոքի քննության արդյունքներով պարզվել ու հաստատվել է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, ինչի արդյունքում էլ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր նախկին կուսակցի` Կարո Կարապետյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը հայտնեց, որ իրեն դեռևս չեն հայտնել Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին և հավելեց, որ չի բողոքարկի որոշումը. «Աստված ամեն հանցագործի ոնց պետք ա կպատժի»,- կարճ պատասխանեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ կանխատեսելով քրեական գործի հավանական ելքը` նշել էր, որ Գոհար Ենոքյան-Կարո Կարապետյան գործի նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: ՀՀ հատուկ քննչական ծառայությանը չէր հաջողվում կազմակերպել նախկին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը:
Ըստ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, մի տեսակ ամեն ինչ դանդաղեց, և քննչական գործողություն, որպես այդպիսին, չկատարվեց: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեին, որ սպասողական իրավիճակ է ձևավորվել, և ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվեր գործի ընթացքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրանքի, Գոհար Ենոքյանը 2015թ. մայիսի 04-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ձերբակալվել էր և 07.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով, այն արարքի համար, որ Գ. Ենոքյանը նախնական համաձայնության գալով Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, այն է` 2010-2011 թվականների ընթացքում Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարը չվերադարձնելու նպատակով, 2012 թվականին փետրվար ամսին Կարո Կարապետյանին սպանելու համար ձեռք են բերել զենք, հետևել Կարո Կարապետյանին, ուսումնասիրել նրա երթուղին և հաճախակի գտնվելու վայրերը, սակայն Արայիկ Ենոքյանը 2012թ. մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: