«Ժողովուրդ»-ը շարունակում է անդրադառնալ իրենց ասպարեզում երբեւէ փայլած հայ աստղերին, որոնք այսօր չեն երեւում էկրաններին, հաճախ չեն ներկայանում հանրային միջացառումներին, եւ, այնուամենայնիվ, մարդիկ դեռ հետաքրքրվում են նրանցով, իսկ երկրպագուներն էլ ուզում են վերջիններիս «հետ վերադարձնել» ասպարեզ:
Այսպիսով, հերթական աստղը, որի մասին մենք տեղեկություններ ենք պարզել, հաղորդավար Արտավազդ Ամիրյանն է: Նա «Ժողովուրդ»-ի հետ անկեղծացավ` նշելով, որ ինքն էլ հաճախ կարոտում է հեռուստատեսությունը, թեպետ իր այժմյան աշխատանքը որոշ չափով լրացնում է այդ բացը. «Այժմ աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում, մշակույթի եւ տուրիզմի վարչությունում, որն, ինչպես գիտեք, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Դրանց շրջանակում կազմակերպվող միջոցառումներում ունեմ իմ մասնակցությունը թե՛ որպես կազմակերպիչ, թե՛ որպես հանդիսավար»,- պատմեց Արտավազդը` հավելելով, որ դրան զուգահեռ ինքը ղեկավարում է մի մեդիա հոլդինգ, բազմաթիվ միջոցառումներում ու համերգային ծրագրերում ներկայանում է որպես հանդիսավար:
Մեր այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի հեռուստատեսություն վերադառնալու առաջարկը, որպեսզի ինքն այն ընդունի, Արտավազդը պատասխանեց. «Ինձ համար ֆինանսի գործոնը նշանակություն չունի, կարեւորն այն է, որ հաղորդման ֆորմատն ինձ հարազատ լինի»:
Հաջորդ աստղը, որին մենք «գտել ենք», դերասանուհի Քեթրին Մանասյանն է, ով ժամանակին Երեւանի կամերային թատրոնի ամենավառ կերպարներից մեկն էր: Քեթրինի ստեղծագործական դադարն, իհարկե, պայմանավորված էր մայրանալու հանգամանքով, սակայն նրա առաջնեկը շուտով կդառնա 1 տարեկան, ուստի ընթերցողներին հետաքրքրիր է, թե երբ կարելի է սպասել դերասանուհու վերադարձին:
Քեթրինը մեզ տեղեկացրեց, որ թատրոնում արդեն մասնակցում է սահմանափակ թվով ներկայացումների. «Հաճախ ինձ հարցնում են` արդյոք թատրոնից դուրս եմ եկել, թե ոչ, ես, իհարկե, պատասխանում եմ, որ չեմ էլ պատրաստվում նման քայլի դիմել: Երեխան իր տեղն ունի, աշխատանքը` իր, առանց դրանցից որեւէ մեկի ինձ կիսատ եմ զգում»:
Դերասանուհին նաեւ նշեց, որ այս ընթացքում հասցրել է մի շարք նախագծերի մասնակցելու, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանալ, սակայն հասկանալի պատճառով մերժել է. «Այն մայրերից եմ, որոնք ամբողջովին նվիրվում են երեխային»,- ասաց դերասանուհին, այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ շուտով կվերադառնա ասպարեզ:
Աննա Բաբաջանյան