Վարդենիսում գայլերը հոշոտել են 62 ոչխար. գիշատիչ կենդանիների որսը շարունակում է արգելված մնալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այս գիշեր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում անասնագոմի վրա գայլերի հարձակում է եղել, ինչի հետևանքով գյուղացիներից մեկը մեծ վնասներ է կրել:

Զրուցելով Սոթքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանի հետ, պարզ դարձավ, որ իրականում արդեն երկրորդ օրն է` գայլերն անարգել մտնում են անասնագոմերը և հոշոտում ոչխարներին: Կոլիկ Շահսուվարյանի փոխանցմամբ, ընդհանուր 62 ոչխար է տուժել` 6-ը նախօրեին, 56-ը` այսօր:

Նախօրեին գայլերը հարձակվել են Սոթքի բնակիչ Սմբատ Ստամբոլցյանի 6 ոչխարների վրա, որոնցից 3-ը սատկել են, 3-ը վիրավորվել: Վերջին 3-ին էլ, սակայն, մորթել են ու միսը տվել շներին, քանի որ գայլի հարձակման ենթարկված կենդանու միսը, ըստ գյուղացիների, ուտել չի կարելի է. «Հենց դեպքի օրն էլ գնացինք շուկա ու 5 ոչխար գնեցինք Ստամբոլցյանի համար` որպես փոխհատուցում: Ինչ վերաբերում է մյուս ոչխարատիրոջը` Ռոզիկ Բադալյանին, ով 57 ոչխար է կորցրել, ապա նա Վարդենիսի բնակիչ է, ոչխարներն էլ Վարդենիսի բազայի մեջ են գրանցված, այդ պատճառով փոխհատուցում մենք տալ չենք կարող: Պարզապես այդ մարդը եկել է մեզ մոտ, ֆերմա է վերցրել, անասուն է պահում»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, իրենք կարծում են, որ հարձակում իրականացրել է նվազագույնը 2 գայլ, քանի որ անասնագոմում այսօր առավոտյան հայտնաբերված սատկած կենդանիների մեջ 2-ը չեն եղել, իսկ սա առիթ է տալիս կարծելու, որ գոնե երկու գայլ պետք է լիներ, որպեսզի ոչխարներին տաներ. «Սարսափելի տեսարան էր: Ոչխարները սատկած, հոշոտված, արյան մեջ կորած ընկած էին: Մենք անտառներ չունենք, որ ասեմ` այնտեղ է գայլերի որջը: Չգիտեմ` մյուս գյուղերից են գալիս, թե որտեղից, սակայն չենք էլ կարող նրանց սպանել: Ընդամենը մի օրինական հրացան կա գյուղում: Երևի, գոնե ոստիկանները կօգնեն: Էդ կենդանուն եթե բռնեն, անձամբ իմ ձեռքերով եմ խեղդելու»:

Armlur.am-ի հարցին` թույլատրվո՞ւմ է արդյոք գայլերի որսը, գյուղապետը պատասխանեց. «Թույլատրվումը ո՞րն է: Մարդկանց տունը քանդվում է: Թույլատրելուն ո՞վ պիտի նայի: Նախկինում էլի եղել են նման հարձակումներ, բայց ոչ այս հաճախականությամբ»:

Նշենք, որ Սոթքը միակ գյուղը չէ, որտեղ գայլերի հարձակումներ են լինում, ու գյուղացիները մեծ չափերով վնասներ են կրում: Վերջին շրջանում նմանատիպ հարձակումները բավականին հաճախակի են դարձել: Մարդիկ այս ամենի հետևանքով անելանելի վիճակում են հայտնվում, իսկ գայլի որսը կամ վնասազերծումը շարունակում է արգելված մնալ:

Լուսանկարները` Armlur.am

vochxar......

vochxar....

vochxar..

vochxar.

vochxar

vochxar0

vochxar1

vochxar2

vochxar3

vochxar4

vochxar6

vochxar7

vochxar8




Լրահոս