Ադրբեջանը ավելի ու ավելի «լայն քայլերով» գնում է դեպի Ռուսաստանի գիրկը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին իր հարկի տակ առաջին Եվրոպական խաղերն անցկացնող Ադրբեջանը հետզհետե ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից եւ դեռ խորհրդային տարիներից հայտնի իր «լայն քայլերով» գնում դեպի Ռուսաստանի գիրկը: Անցած շաբաթ այդ երկրում ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգողի` ադրբեջանական ծագմամբ ֆրանսիացի դիվանագետ Ա. Շահթաթինսկու սկանդալային պաշտոնանկությունից հետո պաշտոնական Բաքուն հայտարարեց այդ երկրում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին: «Ազատության» փոխանցմամբ` նման պահանջով դիվանագիտական նոտան արդեն իսկ ուղարկվել է ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնակայան: Բաքուն մեկ ամիս ժամանակ է տրամադրել ԵԱՀԿ-ին Ադրբեջանի մայրաքաղաքում աշխատանքն ավարտելու համար` այդպես էլ չներկայացնելով նման որոշում կայացնելու պատճառը:

Նկատենք, որ հատկապես վերջին շրջանում Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի առնչությամբ առավել հաճախ եւ կոշտ ձեւակերպումներով հնչող եվրոպական քննադատությանը Ալիեւի վարչակազմն արձագանքում է ոչ պակաս կոշտությամբ: Մասնավորապես` ԵԱՀԿ գրասենյակի փակման այս որոշումն էլ հենց Ադրբեջանի հասցեին այդ կառույցի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված քննադատության պատասխանն էր: Հիշեցնենք, որ Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի ծրագրերի համակարգողին պաշտոնանկ էին արել այն բանի համար, որ նա չափազանց սերտ հարաբերություններ ուներ Ալիեւի եւ Մամեդյարովի հետ, որոնց հետ հրապարակած լուսանկարները հատուկ քննարկման առարկա էին դարձել ԵԱՀԿ կենտրոնակայանում:

Բացի այդ` մայիսի 21-ին Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված մեդիա-ֆորումի ընթացքում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ուղիղ տեքստով կոչ արեց դադարեցնել համագործակցությունը այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է, որտեղ պարբերաբար լրագրողներ են ձերբակալվում: Դե, իսկ Ռիգայի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում Ղարաբաղի հետ կապված ձեւակերպումների շուրջ անհամաձայնության արդյունքում Ադրբեջանի արտգործնախարարի դեմարշից հետո եվրոպաշտոնյաների հնչեցրած գնահատականները` ոչ խելամիտ, անհավասարակշիռ, եւ այլն, առավել տեսանելի դարձրին խորացող խզումը:

Մի կողմից սա, իհարկե, ուրախալի է այն իմաստով, որ Եվրոպայում գուցե վերջապես կհասկանան, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք չէ դիտարկել նույն հարթությունում: Մյուս կողմից, սակայն, դա մեզ ոչինչ չի տա, քանի որ Եվրոպայից վանվող Ադրբեջանը առավել ակտիվ քայլեր կանի հակառակ բեւեռին` Ռուսաստանին առավել սերտորեն մոտենալու համար, իսկ դա, բնականաբար, տեղի կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ առաջին հերթին` Հայաստանի շահերի հաշվին:




Լրահոս