ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի մասին աղմկահարույց հրապարակումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորպես ասված է. «Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը (2012-ին Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարը «Ժ») Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը»:
Նախ` բավականին տպավորիչ է այն օպերատիվությունը, որով ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքեց Սեյրան Օհանյանի դիմումին: Ուզում ենք հավատալ, որ Գեւորգ Կոստանյանի ցուցաբերած այս փութաջանության պատճառը ոչ թե այն է, որ դիմողը ՀՀ պաշտպանության նախարարն է, իսկ մեղադրվող կողմը՝ լրատվամիջոց, այլ գլխավոր դատախազի մասնագիտական բարեխղճությունը: Թեեւ մինչ այս արձանագրված բազմաթիվ դեպքերում, մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի, կամ բռնաբարելու եւ գնդակահարելու սպառնալիքներ հնչեցրած ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ կապված դիմումների դեպքում նման բարեխղճության ականատեսը չենք եղել:
Ինչեւէ: Մինչ դատախազության հաղորդագրության բովանդակությանն անդրադառնալը, հատուկ ընդգծենք, որ մեզ համար որեւէ մեկի հասցեին սուտ, զրպարտչական բնույթի հրապարակումները դատապարտելի են, եւ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Սակայն նույնքան անընդունելի է այն միտումը, որը նկատելի է գլխավոր դատախազության գործողություններում: Տպավորություն է, որ փորձ է արվում լրատվամիջոցներին ահաբեկել` դեռեւս 2010-ից ապաքրեականացված վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների փոխարեն հրապարակ բերելով «սուտ մատնության» տարբերակը:
Ուշագրավ է նաեւ այն, որ դատախազությունը հայտնի հրապարակումներում Ռուզաննա Խաչատրյանին վերագրված անբարո արարքների, կոռուպցիոն դրսեւորումների, 100 հազարանոց մուշտակի եւ այլնի հետ կապված մեղադրանքներին չի անդրադարձել՝ առանձնացնելով միայն վթարի դրվագը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը դատախազությունը չի վիճարկում: Ամեն դեպքում, սա մի գործընթաց է, որի ցանկացած ելքի դեպքում պաշտպանության նախարարը չի շահելու:
Եթե ըստ չհերքված տեղեկությունների` նախագահական հավակնություններ ունեցող Սեյրան Օհանյանը կարծում է, որ լրատվամիջոցների հետ պատերազմելով եւ սեփական ընտանիքին վերաբերող այս կամ այն կայքում հրապարակված տեղեկատվությունն էլ ավելի հանրայնացնելով՝ վերականգնելու է իր վարկանիշին հասցված վնասը, ապա նա չարաչար սխալվում է: Հատկապես մեր իրավապահ համակարգի հանդեպ վստահության բացարձակ դեֆիցիտի պայմաններում անգամ դատարանի որոշումը հանրության համար կասկածահարույց է լինելու: