Մայիսի 28-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը, որը կազմվել է հայտնի «խավիարասերների»` ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդի եւ լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկու կողմից, քվեարկության կդրվի արդեն հունիսի 22-26-ին` ամառային նստաշրջանի ընթացքում: Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ճգնաժամը, մարդու իրավունքների եւ ազատությունների համատարած ոտնահարումն ու ալիեւյան կլանի դիկտատը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով են, եւ այս ամենում մեղավոր են Հայաստանը եւ հայկական լոբբին: Ավելին՝ զեկույցում նշված է, որ «Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղը»:
Այս օրերին Երեւանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը, սակայն, անպատասխան են թողել հայկական պատվիրակության անդամների` նախօրեին ՀՀ ԱԺ-ում հնչեցրած քննադատությունը` նշելով, թե իրենք հիմնականում կենտրոնացած են ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների ընթացի ուսումնասիրության վրա: Իսկ հայկական կողմի պնդումները, թե Ղարաբաղի հարցով մեր մոտեցումները եւս պետք է տեղ գտնեն զեկույցում, կարծես թե ըմբռնումով չեն ընդունվել: Այս կապակցությամբ երեկ իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը` նշելով, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը եւ, ընդհանրապես, բանակցային գործընթացին։
Նկատենք, որ այս ողջ ընթացքում Ստրասբուրգում լսելի չեղավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ձայնը: Եվ եթե դեռեւս մեկ տարի առաջ մեկնարկած գործընթացը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով տխրահռչակ զեկույցի շուրջ, կարծես թե առժամանակ սառեցվեց դրա հեղինակ, բրիտանացի պատվիրակ Ռ. Ուոլթերի կողմից մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելու արդյունքում, ապա Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին այս նոր խայտառակ զեկույցն արդեն անխուսափելիորեն դառնալու է բանաձեւ եւ հզոր գործիք ադրբեջանական քարոզչության ձեռքում:
Եթե մեր պատվիրակները, բացի Հայաստանից բոցաշունչ հաթաթաներ հնչեցնելուց, ունակ չեն տեղում հակաքայլեր ձեռնարկել, ապա լավ կանեն՝ գոնե բոյկոտեն առաջիկա նստաշրջանը եւ ոչ թե, ինչպես մայիսի 28-ի նիստում, հանգիստ հետեւեն, թե ինչպես է ընդունվում հակահայկական փաստաթուղթն ու վերադառնալով Երեւան` իրենց մտահոգությունը հայտնեն դրա վատ հետեւանքների մասին: Ի վերջո, նրանց գործը ոչ թե մտահոգություն հայտնելն է, այլ այդ մտահոգության պատճառները կանխարգելելը: